ՄԱՏԹԵՈՍ 11

11
Հովհաննես Մկրտչի պատգամաբերները
(Ղուկ. 7.18-35)
1Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։
2Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով 3հարցրեց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշի սպասենք»։ 4Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին այն, ինչ լսեցիք ու տեսաք. 5կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։ 6Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։
Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին
7Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ի՞նչ տեսնելու ելաք. քամուց շարժվող եղե՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։ 9Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարե, 10որովհետև այդ նա է, ում մասին գրված է.
“Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը” (Մղք. 3.1)։
11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ 12Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։ 13Ամբողջ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան, 14և եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին 17և ասում.
“Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք,
ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։
18Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։ 19Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
Վա՜յ անհավատ քաղաքներին
(Ղուկ. 10.13-15)
20Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։ 22Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։ 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։
Գոհություն երկնավոր Հորը
(Ղուկ. 10.21-22)
25Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ 27Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։ 28Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ 29Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, 30որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 11: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք