ՄԱՏԹԵՈՍ 1
1
Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը
(Ղուկ. 3.23-37)
1Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը։
2Աբրահամից ծնվեց Իսահակը. Իսահակից՝ Հակոբը. Հակոբից՝ Հուդան և նրա եղբայրները. 3Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան. Փարեսից՝ Եզրոնը. Եզրոնից՝ Արամը. 4Արամից ծնվեց Ամինադաբը. Ամինադաբից՝ Նաասովնը. Նաասովնից՝ Սաղմոնը. 5Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն. 6Հեսսեից ծնվեց Դավիթ արքան։ Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը. 7Սողոմոնից ծնվեց Ռոբովամը. Ռոբովամից՝ Աբիան. Աբիայից՝ Ասափը. 8Ասափից ծնվեց Հոսափատը. Հոսափատից՝ Հորամը. Հորամից՝ Ոզիան. 9Ոզիայից ծնվեց Հովաթամը. Հովաթամից՝ Աքազը. Աքազից՝ Եզեկիան. 10Եզեկիայից ծնվեց Մանասեն. Մանասեից՝ Ամովսը. Ամովսից՝ Հովսիան. 11Հովսիայից ծնվեցին Հեքոնիան և նրա եղբայրները՝ Բաբելոնյան գերության ժամանակ։
12Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնիայից ծնվեց Սաղաթիելը. Սաղաթիելից՝ Զորաբաբելը. 13Զորաբաբելից ծնվեց Աբիուդը. Աբիուդից՝ Եղիակիմը. Եղիակիմից՝ Ազովրը. 14Ազովրից ծնվեց Սադովկը. Սադովկից՝ Աքինը. Աքինից՝ Եղիուդը. 15Եղիուդից ծնվեց Եղիազարը. Եղիազարից՝ Մատթանը. Մատթանից՝ Հակոբը. 16Հակոբից ծնվեց Հովսեփը՝ Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։
17Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
Հիսուսի ծնունդը
(Ղուկ. 2.1-9)
18Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ 19Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։ 20Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ 21Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
23 «Ահա կույսը կհղիանա
և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14),
որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, 25բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն