ՂԵՎՏԱԿԱՆ 3
3
Փրկության զոհ
1«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։ 2Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռան մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ 3Փրկության զոհից Տիրոջը թող մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ամբողջ ճարպը, 4երկու երիկամները, դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։ 5Ահարոնի որդիները՝ քահանաները, դրանք թող դնեն ողջակեզի զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ Այն կրակով այրվող զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
6Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է ոչխարների ցեղից, արու լինի թե էգ, թող արատ չունեցողը մատուցի։ 7Եթե իր ընծան գառ է, այն թող մատուցի Տիրոջ առջև։ 8Իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռանը։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ 9Փրկության զոհից Տիրոջը ընծա թող մատուցեն ճարպը, ողնաշարը՝ զիստերով հանդերձ, փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, 10երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։ 11Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։
12Իսկ եթե իր ընծան այծ լինի, այն թող մատուցի Տիրոջ առջև, 13իր ձեռքը թող դնի նրա գլխին, թող մորթեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ 14Եվ դրանից Տիրոջն ընծա թող մատուցեն փորի ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը, 15երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։ 16Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ իբրև ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ Ողջ ճարպը պատկանում է Տիրոջը։ 17Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն