ՂԵՎՏԱԿԱՆ 27

27
Օրենքներ՝ Աստծուն տրվելիք նվերների համար
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկն ուխտ անի Տիրոջը, ապա իր անձի համար պիտի վճարի Տիրոջը. 3տղամարդու պարագայում՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկանը, սրբարանի կշռաչափի հիսուն երկդրամյան արծաթ։ 4Կնոջ դեպքում՝ երեսուն երկդրամյան։ 5Հինգ տարեկանից մինչև քսան տարեկան արուի դեպքում՝ քսան երկդրամյան, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ տասը երկդրամյան։ 6Մեկ ամսականից մինչև հինգ տարեկան արուի դեպքում՝ հինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ երեք երկդրամյան արծաթ։ 7Եթե վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի կնոջը՝ տասը երկդրամյան։ 8Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։
9Եթե ուխտը վերաբերում է զոհի համար ընդունելի կենդանիներին, ապա Տիրոջն ընծայված ամեն կենդանի սուրբ է։ 10Լավը վատի հետ թող չփոխի, ոչ էլ վատը՝ լավի։ Եթե իր ուխտած կենդանին փոխանակի մեկ այլ կենդանիով, ապա երկու կենդանիներն էլ թող սուրբ լինեն։ 11Եթե ուխտածն անմաքուր կենդանի է՝ ոչ ենթակա Տիրոջն ընծա մատուցվելու, այդ կենդանին թող բերի քահանայի առաջ, 12քահանան, ըստ լավի ու վատի, թող գնահատի այն։ Ինչպես որ քահանան գնահատի, այդպես էլ թող լինի։ 13Իսկ եթե ուխտ անողը ցանկանա կենդանու փոխարեն վճարել նրա արժեքը, ապա դրա վրա պետք է ավելացնի նաև որոշված արժեքի մեկ հինգերորդ մասը։
14Եթե մեկը ցանկանա իր տունը նվիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լավ կամ վատ վիճակը. քահանայի գնահատումը վերջնական թող լինի։ 15Իսկ եթե նվիրաբերողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա տան արժեքի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
16Եթե մեկն իր կալվածքը հանդիսացող ագարակն է ուխտում նվիրել Տիրոջը, ապա դրա արժեքը թող լինի ըստ դրա վրա ցանված սերմի։ Մեկ քոռ սերմի համար թող վճարի հիսուն երկդրամյան արծաթ։ 17Եթե ագարակը նվիրաբերի ազատագրման տարվանից, նրա ամբողջ արժեքը պետք է հաշվվի։ 18Իսկ եթե իր ագարակը նվիրաբերում է ազատագրման տարուց հետո, ապա քահանան պետք է հաշվի արժեքը՝ ըստ մինչև հաջորդ ազատագրման տարին ընկած տարիների քանակի, և հանվի նրա ընդհանուր արժեքից։ 19Եթե ագարակը նվիրողը ցանկանա այն հետ գնել, դրա գնի վրա թող ավելացնի գնահատվածի մեկ հինգերորդ չափով արծաթ, որից հետո ագարակը կլինի իրենը։ 20Իսկ եթե հետ չգնի իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն հետ գնելու իրավունք այլևս չի ունենա։ 21Ազատագրման տարում այն թող նվիրվի Տիրոջը և դառնա քահանայի սեփականություն։ 22Եթե նա իր ժառանգությունը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակից նվիրաբերի Տիրոջը, 23թող քահանան գնահատի այն՝ ըստ մինչև ազատագրման տարին մնացած տարիների, և հետ գնել ցանկացողն այդ օրը Տիրոջը թող վճարի որոշված արժեքը։ 24Ազատագրման տարում կալվածքի նախկին տերն այն հետ պիտի ստանա։
25Բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի կշռաչափի. մեկ երկդրամյանը քսան դանգի համարժեք թող լինի։ 26Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նվիրաբերել. լինի դա արջառ թե ոչխար, պատկանում է Տիրոջը։ 27Անմաքուր չորքոտանի կենդանին կարող է հետ գնվել՝ դրա արժեքի վրա ավելացնելով մեկ հինգերորդը, որից հետո կպատկանի իրեն։ Իսկ եթե հետ չգնի, ապա թող վաճառվի իր արժեքով։ 28Իսկ ամեն մի նվեր, որ մարդ իր ունեցած ամեն ինչից տալիս է Տիրոջը՝ լինի դա մարդ թե անասուն կամ սեփական կալվածք, չի կարող վաճառվել կամ հետ գնվել։ Նման բոլոր նվիրաբերումները սրբություն սրբոց են և պատկանում են Տիրոջը։ 29Մարդկանցից ով նվիրաբերվի, չի կարող հետ գնվել, այլ անպայման պիտի մեռնի։
30Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։ 31Եթե մեկը ցանկանա հետ գնել իր տասանորդը, նա պետք է դրա վրա ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդ մասը, որից հետո տասանորդը կլինի իրենը։ 32Տասը արջառից ու ոչխարից մեկը, ինչպես նաև հովվի գավազանի տակ հաշվված տասը անասունից մեկը պատկանում են Տիրոջը։ 33Խտրություն թող չլինի լավի ու վատի միջև, և լավը վատով չփոխարինես։ Իսկ եթե այնուամենայնիվ փոխարինես, և՛ այն, և՛ փոխարինվողը պետք է նվիրաբերես և իրավունք չպիտի ունենաս դրանք հետ գնելու”»։
34Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 27: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք