ՀԵՍՈՒ 7
7
Աքարի մեղքը և պատիժը
1Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։
2Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային, 3վերադարձան Հեսուի մոտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնա, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան և պաշարեն քաղաքը։ Ամբողջ ժողովրդին այնտեղ մի՛ տար, որովհետև նրանք քիչ են»։ 4Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։ 5Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։ 6Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։ 7Հեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, Տե՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Հորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին և կործանես մեզ։ Երանի թե այնտեղ՝ Հորդանան գետի եզերքին, մնացած ու բնակված լինեինք։ 8Օ՜հ, Տե՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայելն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ։ 9Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
10Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրա։ 11Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան և վերցրին նզովված բաներից, ստեցին և դրեցին իրենց ամանների մեջ։ 12Իսրայելի որդիներն այլևս չեն կարող կանգնել իրենց թշնամիների դեմ, այլ թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք դարձան։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, քանի դեռ այդ նզովվածը չեք վերացնի ձեր միջից։ 13Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։ 14Առավոտյան ամենքդ հավաքվե՛ք ըստ ձեր ցեղերի։ Այն ցեղը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տներով, և այն տունը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք այրերով, 15և ով որ ցույց տրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ”»։
16Հեսուն առավոտյան կանուխ վեր կացավ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, և հանդիմանվեց Հուդայի ցեղը։ 17Հուդայի ցեղը ներկայացավ տոհմերով, և հանդիմանվեց Զարայի տոհմը։ Զարայի տոհմը ներկայացավ տներով, և հանդիմանվեց Զամբրիի տունը։ Նրա տունը ներկայացավ իր այրերով, և 18հանդիմանվեց Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի՝ Հուդայի ցեղից։ 19Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։ 20Աքարը պատասխան տվեց և ասաց Հեսուին. «Արդարև, ես մեղք գործեցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու առաջ և այս բանն արեցի. 21ավարի մեջ տեսա նկարազարդ մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր երկդրամյա արծաթ և մի ոսկյա լեզվակ, որը հիսուն երկդրամյա էր, սաստիկ ցանկացա և վերցրի դրանք։ Ահա դրանք թաքցված են հողի տակ՝ իմ վրանում, իսկ արծաթը դրանց տակ է»։ 22Հեսուն պատգամավորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դեպի վրանը։ Դրանք պահված էին այնտեղ՝ նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր։ 23Նրանք հանեցին դրանք վրանից, բերեցին Հեսուի և Իսրայելի ծերերի մոտ և դրեցին Տիրոջ առաջ։ 24Հեսուն, նրա հետ և ողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին և դուստրերին, նրա արջառներն ու էշերը, նրա բոլոր ոչխարները, նրա վրանը, նրա ամբողջ ունեցվածքը և բերեցին Աքովրի ձորը։ 25Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց 26և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն