ՀԵՍՈՒ 23
23
Հեսուի կտակը
1Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու տարիքն առել էր, 2Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր որդիներին, նրանց ծերակույտին, նրանց իշխաններին, նրանց դատավորներին, նրանց դպիրներին և ասաց նրանց. «Ես ծերացել եմ և տարիքս առել։ 3Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջևից, որովհետև Տերը՝ Աստված, ինքն էր պատերազմում ձեզ հետ միասին։ 4Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։ 5Արդ Տերը՝ մեր Աստվածն ինքը կկոտորի նրանց ձեր առաջ, մինչև ոչնչանան, նրանց դեմ վայրի գազաններ կուղարկի, մինչև ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագավորներին, և դուք ժառանգություն ստանաք նրանց երկիրը, ինչպես որ Տերը՝ մեր Աստվածը, ասել էր մեզ։ 6Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։ 7Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք, 8այլ Տիրոջ՝ մեր Աստծու հետևից գնաք, ինչպես որ արել եք մինչև այսօր։ 9Տերը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ և հզոր ազգերին, և ոչ ոք դեմ չկանգնեց ձեզ մինչև այսօր։ 10Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։ 11Շա՛տ զգույշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն։ 12Իսկ եթե հետ դառնաք, ձեր մեջ մնացած ազգերին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնակվեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ, 13հաստատ իմացած եղեք, որ Տերն այլևս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, և նրանք ձեզ համար որոգայթ և գայթակղություն կլինեն, փուշ՝ ձեր գարշապարների համար և նետեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ կորչեք այս բարեբեր երկրից, որ տվեց ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։ 14Եվ ահա ես այսօր բռնում եմ այն ճանապարհը, որը երբևէ պիտի բռնի այս երկրի վրա եղող ամեն մարդ։ Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց Տերը՝ ձեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ։ 15Եվ ինչպես որ կատարվեցին այն բոլոր խոստումները, որ ասաց ձեզ համար Տերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կթափի ամեն տեսակ պատիժներ, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տվել է ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։ 16Եթե դրժեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք պաշտեք օտար աստվածների ու երկրպագեք նրանց, Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ»։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 23: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն