ՀԵՍՈՒ 14

14
Հորդանան գետի արևմտյան կողմի բաժանումը
1Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։ 2Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով, 3որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։ 4Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։ 5Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին Իսրայելի որդիները և բաժանեցին երկիրը։
Քեբրոնը տրվում է Քաղեբին
6Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։ 7Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադեսբառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և նրան մենք լուր բերեցինք նրա ուզածի պես։ 8Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին, իսկ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն։ 9Այն օրը Մովսեսը երդվեց և ասաց. “Այն երկիրը, ուր դու հասար, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի որպես ժառանգություն, քանի որ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն”։ 10Եվ արդ, Տերը պահպանեց իմ կյանքը, ինչպես որ ասել էր։ Սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տերն ասել է այս խոսքը Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Այժմ ահավասիկ ես այսօր ութսունհինգ տարեկան եմ 11և կարող եմ այսօր, ինչպես այն ժամանակ, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այժմ նույնպես կարող եմ պատերազմի մեջ մտնել և դուրս գալ։ 12Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպես որ Տերն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ Ենակի որդիներն են, և նրանց քաղաքներն ամրացված են ու մեծ։ Արդ եթե Տերն ինձ հետ է, կբնաջնջեմ նրանց, ինչպես Տերն ինձ ասաց»։
13Հեսուն օրհնեց նրան և Քեբրոնը որպես ժառանգություն տվեց Կենեզի որդի Հեփոնեի որդի Քաղեբին։ 14Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը, որովհետև նա հետևեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու պատվիրաններին։
15Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք