ՀԵՍՈՒ 10

10
Հաղթանակ ամորհացիների հանդեպ
1Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել, 2նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։
3Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց. 4«Ելեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ պատերազմենք Գաբավոնի դեմ, որովհետև անձնատուր են եղել Հեսուին և Իսրայելի որդիներին»։ 5Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։ 6Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։ 7Հեսուն իր ամբողջ պատերազմող զորքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զորավոր էին, ելավ Գաղգաղայից։ 8Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։
9Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Հեսուն հանկարծակի հարձակվեց նրանց վրա։ 10Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։ 11Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
12Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը.
«Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց,
իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։
13Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին անշարժ իրենց տեղերում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից վրեժն առավ։ Չէ՞ որ այս գրված է «Ուղղության գրքում#Բանաստեղծական ժողովածու, որ կորած է։ Տե՛ս նաև Դ Թագ. 1.18։»։ Եվ արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և մեկ ամբողջ օր չշարժվեց դեպի արևմուտք։ 14Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ հետո, որ Աստված լսեր մարդու ձայնը, որովհետև Տերն Իսրայելի հետ միասին պատերազմեց։
15Ապա Հեսուն և նրա հետ ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
Հեսուն գերում է հինգ թագավորներին
16Այն հինգ թագավորները փախան Մակեդա և թաքնվեցին քարայրի մեջ։ 17Իմաց տվին Հեսուին և ասացին. «Հինգ թագավորները գտնվում են Մակեդայում, քարայրի մեջ թաքնված»։ 18Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։ 19Բայց դուք մի՛ դադարեք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասե՛ք նրանց վերջնապահներին և թույլ մի՛ տվեք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև Տերը՝ Աստված, նրանց մատնեց մեր ձեռքը»։ 20Երբ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, և նրանցից ազատվածները մտան ամրացված քաղաքները, 21ամբողջ ժողովուրդը ողջ-առողջ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա։ Եվ ոչ ոք չհանդգնեց խոսել Իսրայելի որդիների դեմ։ 22Եվ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրը և այնտեղից հանե՛ք, բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։ 23Այդպես էլ արեցին. հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Ոդողոմի թագավորին, քարայրից հանեցին ու տարան նրա մոտ։ 24Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։ 25Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։ 26Ապա Հեսուն նրանց սպանեց և նրանց հինգին էլ կախեց ծառերից, և նրանք մինչև երեկո ծառերից կախված մնացին։ 27Արևամուտին Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ թաքնվել էին, և քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։
Հարավի քաղաքների գրավումը
28Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։
29Հեսուն, նրա հետ նաև ողջ Իսրայելը Մակեդայից գնացին Լեբնա և պաշարեցին Լեբնան։ 30Տերը մատնեց այն Իսրայելի ձեռքը, որը և նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նրա թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։
31Հեսուն ողջ Իսրայելի հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։ 32Տերը Լաքիսն Իսրայելի ձեռքը մատնեց, որը երկրորդ օրը գրավեց այն, սրի քաշեց և բնաջնջեց այն, ինչպես որ Լեբնայի հետ էր վարվել։ 33Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։
34Հեսուն ողջ Իսրայելի հետ Լաքիսից մեկնեց Ոդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։ 35Տերը Ոդողոմը մատնեց Իսրայելի ձեռքը, որը այն օրը գրավեց ու սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպես որ վարվել էին Լաքիսի հետ։
36Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։ 37Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։
38Ապա Հեսուն և ողջ Իսրայելը շրջվեցին դեպի Դաբիր և շրջապատելով 39գրավեցին այն, գերեվարեցին նրա թագավորին և նրա ամբողջ զորքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես վարվել էին Քեբրոնի հետ և ինչպես վարվել էին Լեբնայի ու նրա թագավորի հետ, այդպես էլ վարվեցին Դաբիրի և նրա թագավորի հետ։
40Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։ 41Հեսուն կոտորեց նրանց՝ Կադեսբառնեայից մինչև Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչև Գաբավոն։ 42Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։
Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք