ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18

18
Միքան և Դանի ցեղը
1Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր փնտրում, որովհետև մինչև այդ օրերն Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր հասել։ 2Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։ 3Եվ մինչ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղևտացի պատանու ձայնը, մտան նրա մոտ և ասացին նրան. «Քեզ ո՞վ բերեց այստեղ, ի՞նչ ես անում և ի՞նչ գործ ունես այստեղ»։ 4Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, և ես նրա համար քահանա եղա»։ 5Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։ 6Քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։ 7Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։ 8Այդ հինգ մարդիկ վերադարձան Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ։ Նրանց եղբայրներն ասացին նրանց. «Ի՞նչ ունեք մեզ ասելու»։ 9Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։ 10Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։
11Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։ 12Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։ 13Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։ 14Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։ 15Եվ նրանք շրջվեցին դեպի այդ տունը, մտան ղևտացի պատանու մոտ, որը Միքայի տանն էր, և նրա ողջությունը հարցրին։ 16Իսկ Դանի որդիներից պատերազմական զենքով զինված այն վեց հարյուր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մոտ։ 17Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը հետախուզելու, առաջացան, վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն։ Քահանան արձանացած կանգնել էր դռան մուտքին, և վեց հարյուր մարդիկ՝ պատերազմական զենքերով զինված։ 18Երբ նրանք Միքայի տունը մտան և վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ 19Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։ 20Քահանայի սիրտը զվարթացավ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակված ու ձուլածո կուռքը և մտավ զորքի մեջ։ 21Նրանք հետ դարձան և գնացին՝ իրենց առջևից կարգելով իրենց երեխաներին և ողջ ունեցվածքը։ 22Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան և նրա տանը եղած մարդիկ ելան Դանի որդիների հետևից գոռում-գոչյունով։ 23Դանի որդիները շուռ եկան և ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։ 24Միքան ասաց. «Ինձ համար շինած իմ աստվածները և իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, և ինչո՞ւ եք ասում ինձ, թե՝ “Ինչու ես աղաղակում”»։ 25Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսվի մեր հետևից, թե չէ քեզ բարկացած սրտով մարդիկ կհանդիպեն և կկործանեն քեզ ու քո ընտանիքը»։ 26Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զորավոր են, վերադարձավ իր տունը։
27Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային և գնացին Լայիսա՝ հանգիստ և վստահ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի քաշեցին և քաղաքն այրեցին։ 28Ոչ ոք չկար, որ փրկեր նրանց, որովհետև Սիդովնից հեռու էին և ոչ մի գործ չունեին որևէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռովբի հովտի մեջ էր։ Քաղաքը շինեցին և այնտեղ բնակվեցին։ 29Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։ 30Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասեի որդի Գերսոնի որդի Հովնաթանը՝ ինքը և իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քուրմերն էին։ 31Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովում էր։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք