ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13

13
Սամփսոնի ծնունդը
1Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։
2Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։ 3Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և ասաց նրան. «Ահա դու ամուլ ես և երեխա չես ծնել, բայց կհղիանաս և որդի կծնես։ 4Արդ, զգո՛ւյշ եղիր, գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, 5որովհետև դու ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից»։ 6Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։ 7Նա ինձ ասաց. “Ահա պիտի հղիանաս և որդի պիտի ծնես, արդ գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև մանուկն Աստծու ուխտավոր պիտի լինի հենց իր մոր արգանդից մինչև իր մահվան օրը”»։
8Մանովեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Խնդրում եմ, Տե՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մոտ, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի, թե ի՛նչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի»։ 9Աստված լսեց Մանովեի ձայնը, և Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա նստել էր հանդում, իսկ նրա ամուսին Մանովեն նրա մոտ չէր։ 10Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն և ասաց նրան. «Ահա երևաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մոտ»։ 11Մանովեն վեր կացավ, գնաց իր կնոջ հետ, եկավ այն մարդու մոտ և ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։ 12Մանովեն ասաց. «Արդ, երբ քո խոսքերը կատարվեն, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկան կյանքի կանոններն ու գործերը»։ 13Տիրոջ հրեշտակն ասաց Մանովեին. «Թող նա զգուշանա այն ամենից, որ ասացի այդ կնոջը. 14որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանա այն ամենից, որ պատվիրեցի»։
15Մանովեն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մոտ պահենք և մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։ 16Տիրոջ հրեշտակը Մանովեին ասաց. «Եթե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթե ուլը ողջակեզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Մանովեն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խոսքը կատարվի, փառավորենք քեզ»։ 18Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։ 19Մանովեն վերցրեց մի ուլ և անարյուն զոհ և քարի վրա մատուցեց սքանչելիք անող Տիրոջը։ Եվ մինչ Մանովեն և նրա կինը նայում էին, 20թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։ 21Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանովեին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 22Մանովեն ասաց իր կնոջը. «Անպատճառ կմեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։ 23Եվ նրա կինը նրան ասաց. «Եթե Տերը կամենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակեզն ու անարյուն զոհը և մեզ չէր հայտնի այդ ամենն իր ժամանակին և այն մեզ լսելի չէր դարձնի»։ 24Կինը որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, և Տերը նրան օրհնեց։ 25Նա Դանի բանակում էր, Սարաայի և Եսթավուղի միջև, երբ Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք