ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12
12
1Եփրեմի որդիները հավաքվեցին, եկան Սեփենա և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ Ամովնի որդիների դեմ պատերազմի ելար և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կայրենք քո տունը քեզ վրա»։ 2Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը զրկված մարդիկ էինք, և Ամովնի որդիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։ 3Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, հույսս դրեցի ինձ վրա, գնացի Ամովնի որդիների դեմ, և Տերը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա դուք ինչո՞ւ եք ելել այսօր իմ դեմ պատերազմելու»։ 4Եվ Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր այրերին ու պատերազմ մղեց Եփրեմի դեմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմյաններին։ Փրկված եփրեմյաններն ասել էին՝ «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի և Մանասեի միջև եք»։ 5Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։ 6Նրանց ասում էին. «Մեզ մի նշա՛ն տվեք, ասացե՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր հաջողվում այդպես ասել, ուստի բռնում և կոտորում էին նրանց Հորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմյաններից քառասուներկու հազար մարդ զոհվեց։
7Հեփթայեն վեց տարի դատեց Իսրայելին. գաղաադացի Հեփթայեն մեռավ և թաղվեց Գաղաադի իր քաղաքում։
Եսեբոնը
8Նրանից հետո Իսրայելին դատեց բեթղեհեմացի Եսեբոնը։ 9Նա երեսուն տղա ուներ և երեսուն դուստր։ Իր դուստրերին մարդու տվեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայելին դատեց յոթ տարի։ 10Եսեբոնը մեռավ և թաղվեց Բեթղեհեմում։
Ելովնը
11Նրանից հետո Իսրայելին տասը տարի դատեց զաբուղոնացի Ելովնը։ 12Զաբուղոնացի Ելովնը մեռավ և թաղվեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։
Աբդոնը
13Նրանից հետո Իսրայելին դատեց փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին։ 14Նա քառասուն որդի և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ։ Նա Իսրայելին դատեց ութ տարի։ 15Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին, մեռավ և թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի երկրում՝ Ամաղեկի լեռան վրա։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն