ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11
11
Հեփթայե
1Գաղաադացի Հեփթայեն հզոր և ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադի համար ծնեց Հեփթայեին։ 2Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, որոնք երբ մեծացան, վռնդեցին Հեփթայեին՝ ասելով. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չունես, որովհետև պոռնիկ կնոջ որդի ես»։ 3Հեփթայեն հեռացավ իր եղբայրներից և բնակվեց Տովբ երկրում։ Հեփթայեի մոտ հավաքվում էին ավազակաբարո մարդիկ և շրջում էին նրա հետ։
4Որոշ ժամանակից հետո Ամովնի որդիները պատերազմեցին Իսրայելի դեմ։ 5Երբ Ամովնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Տովբ երկրից բերեն Հեփթայեին։ 6Նրանք ասացին Հեփթայեին. «Ե՛կ և մեզ համար զորավա՛ր եղիր, և Ամովնի որդիների դեմ պատերազմ տանք»։ 7Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, Տիրոջ առաջ հանեցիք իմ հոր տնից և ինձ հեռացրիք ձեզնից։ Հիմա, երբ նեղության մեջ եք, ինչո՞ւ եք եկել ինձ մոտ»։ 8Գաղաադի ծերերն ասացին Հեփթայեին. «Այդպես չէ, մենք քեզ մոտ ենք եկել, որ մեզ հետ գաս, և պատերազմ տանք Ամովնի որդիների դեմ, և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս առաջնորդ լինես»։ 9Հեփթայեն ասաց Գաղաադի ծերերին. «Եթե դուք ինձ ետ վերադարձնեք Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, իրապե՞ս ես ձեր առաջնորդը կդառնամ»։ 10Գաղաադի ծերերն ասացին Հեփթայեին. «Տերը թող մեր մեջ վկա լինի, որ մենք քո խոսքի համաձայն կանենք»։
11Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։
12Հեփթայեն Ամովնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես իմ վրա՝ պատերազմելու իմ երկրում»։ 13Ամովնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելն ինչո՞ւ գրավեց իմ երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան գետը։ Հիմա խաղաղությամբ այն վերադարձրո՛ւ ինձ, և ես կգնամ»։ Պատգամավորները վերադարձան Հեփթայեի մոտ։ 14Հեփթայեն նորից պատգամավորներ ուղարկեց Ամովնի որդիների արքայի մոտ 15և ասաց նրան. «Այսպես են ասում Իսրայելը և Հեփթայեն. “Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը չգրավեց Մովաբի երկիրն ու Ամովնի որդիների երկիրը, 16այլ Իսրայելն անապատով գնաց մինչև Կարմիր ծովը և եկավ մինչև Կադես։ 17Իսրայելը պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. “Թող անցնեմ քո երկրով”, բայց Եդովմի արքան չլսեց։ Մովաբի արքայի մոտ էլ պատգամավորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցավ։ Եվ Իսրայելը մնաց Կադեսում, 18շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։ 19Իսրայելը պատգամավորներ ուղարկեց ամորհացիների Սեհովն արքայի մոտ, որ Եսեբոնի և ամորհացիների թագավորն էր, և Իսրայելը նրան ասաց. “Թող անցնեմ քո երկրով մինչև իմ տեղը”։ 20Եվ Սեհովնը չկամեցավ, որ Իսրայելն անցնի իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակեց Յասսայում և պատերազմեց Իսրայելի դեմ։ 21Եվ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Սեհովնին և նրա ամբողջ ժողովրդին մատնեց Իսրայելի ձեռքը, և ջարդեցին նրանց, և Իսրայելը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, 22և Իսրայելը ժառանգեց ամորհացիների բոլոր սահմանները Առնովնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան գետը։ 23Արդ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, ամորհացիներին վերացրել է Իսրայելի՝ իր ժողովրդի առջևից, և դո՞ւ պիտի ժառանգես այն։ 24Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։ 25Արդ, դու Սեպփովրի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից, լա՞վ ես. մի՞թե նա կռվեց Իսրայելի հետ կամ պատերազմե՞ց նրանց դեմ. 26Իսրայելը երեք հարյուր տարի ապրում է Եսեբոնում և նրա արվարձաններում, Արոյերում և նրա արվարձաններում ու Հորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Դրանք այնքան ժամանակ ինչո՞ւ չազատեցիք։ 27Ես քո դեմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դեմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դեմ։ Իսրայելի և Ամովնի որդիների միջև դատավոր եղող Տերը թող այսօր դատաստան անի”»։ 28Բայց ամովնացիների արքան չանսաց Հեփթայեի հղած խոսքերին։
29Այն ժամանակ Տիրոջ հոգին իջավ Հեփթայեի վրա։ Նա անցավ Գաղաադով ու Մանասեի երկրով, հասավ Գաղաադի Դիտանոցը և այնտեղից ուղղվեց Ամովնի որդիների դեմ։ 30Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամովնի որդիներին իմ ձեռքը մատնես, 31և ես խաղաղությամբ վերադառնամ Ամովնի որդիների մոտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակեզ կմատուցեմ»։ 32Հեփթայեն գնաց Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ 33Նա ջարդեց նրանց Արոյերից մինչև Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք, մինչև Հաբելի այգեստանները՝ խիստ մեծ կոտորած տալով։ Ամովնի որդիները փախան Իսրայելի որդիների առաջից։
34Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։ 35Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։ 36Աղջիկը նրան ասաց. «Եթե ինձ համար պարտավորություն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարեն, ինչ արեց Տերը քեզ համար՝ վրեժ լուծելով քո թշնամիներից՝ Ամովնի որդիներից»։ 37Եվ իր հորն ասաց. «Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛ւյլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրա և իմ ընկերուհիների հետ ողբամ իմ կուսությունը»։ 38Եվ հայրն ասաց. «Գնա՛»։ Եվ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկն իր ընկերուհիների հետ գնաց և լեռների վրա ողբաց իր կուսությունը։ 39Երբ լրացավ երկու ամիսը, վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եվ Իսրայելի մեջ սովորություն դարձավ ողբալ Հեփթայեի աղջկան. 40սահմանված օրերին, տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները հավաքվում էին՝ ողբալու գաղաադացի Հեփթայեի աղջկան։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն