ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10
10
Թովղա
1Աբիմելեքից հետո Իսրայելը փրկելու համար մեջտեղ ելավ նրա հորեղբոր որդին՝ Փուայի որդի Թովղան՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակվում էր Սամարիայում՝ Եփրեմի լեռան վրա։ 2Նա Իսրայելին դատեց քսաներեք տարի. մեռավ և թաղվեց Սամարիայում։
Հայիր
3Նրանից հետո մեջտեղ ելավ գաղաադացի Հայիրը և Իսրայելին դատեց քսաներկու տարի։ 4Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։ 5Հայիրը մեռավ և թաղվեց Կամովնում։
Ամովնացիների հարձակումը իսրայելացիների վրա
6Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։ 7Տերը բարկությամբ բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց մատնեց այլազգիների ձեռքն ու ամովնացիների ձեռքը։ 8Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։ 9Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։ 10Նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Մեղանչեցինք քո դեմ, որովհետև թողեցինք մեր Աստծուն և Բահաղի կուռքերին պաշտեցինք»։ 11Տերն ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, Ամովնի որդիները, Մովաբի որդիները և այլազգիները, 12սիդովնացիները, ամաղեկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, և դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։ 13Իսկ դուք թողեցիք ինձ և ծառայեցիք օտար աստվածների։ Դրա համար ձեզ այլևս չեմ փրկելու։ 14Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։ 15Իսրայելի որդիներն ասացին Տիրոջը. «Մեղանչեցինք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թվում, բայց միայն ազատի՛ր մեզ այսօր, Տե՛ր»։ 16Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։ 17Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։ 18Գաղաադում հաստատված ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամովնացիների դեմ, նա՛ թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների առաջնորդը»։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն