ԾՆՈՒՆԴ 31

31
Հակոբը վերադառնում է
1Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։ 2Նկատեց նաև, որ Լաբանի վերաբերմունքն իր նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ 3Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։ 4Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ, որտեղ հոտերն էին գտնվում։ 5Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։ 6Դուք ինքներդ էլ գիտեք, որ իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը, 7բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։ 8Եթե նա ասեր՝ “Խայտաճամուկները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները խայտաճամուկ գառներ կծնեին, իսկ եթե ասեր՝ “Սպիտակները թող լինեն քո վարձը”, ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կծնեին։ 9Աստված ձեր հորից վերցրեց բոլոր մաքիներն ու տվեց ինձ։ 10Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։ 11Աստծու հրեշտակը երազում ինձ ասաց. “Հակոբ”։ Ես պատասխանեցի. “Ի՞նչ է”։ 12Եվ ասաց. “Նայի՛ր քո աչքերով ու տե՛ս, որ մաքիների ու էգ այծերի վրա ելնող խոյերն ու արու այծերը ինչպե՛ս պտավոր են, խայտաճամուկ ու խատուտիկ։ Որովհետև տեսա այն, ինչ արեց քեզ Լաբանը։ 13Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։ 14Ռաքելն ու Լիան նրան պատասխանեցին. «Մի՞թե այսուհետև մեր հոր տանը մեզ համար բաժին կամ ժառանգություն կա. 15չէ՞ որ մենք նրա համար օտար ենք, քանի որ վաճառեց մեզ և ամբողջովին կերավ մեր դրամը։ 16Այն հարստությունն ու փառքը, որ Աստված վերցրեց մեր հոր ձեռքից, մերն է ու մեր որդիներինը։ Արդ, վարվի՛ր այնպես, ինչպես պատվիրել է քեզ Աստված»։ 17Հակոբը վեր կացավ, վերցրեց իր կանանց ու երեխաներին, նրանց նստեցրեց ուղտերի վրա, 18հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։
19Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։ 20Հակոբն էլ թաքցրեց Լաբանից՝ իր աներոջից, որ գնում է։ 21Այդպես թաքուն հեռացավ իր ամբողջ ունեցվածքով, անցավ գետը և ուղղվեց դեպի Գաղաադ լեռը։ 22Երրորդ օրը Լաբան Ասորուն հայտնեցին, որ Հակոբը փախել է։ 23Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։ 24Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։ 25Լաբանը հասավ Հակոբին, որն իր վրանը խփել էր լեռան վրա։ Լաբանը Գաղաադ լեռան վրա իջևան տվեց իր եղբայրներին։ 26Լաբանը Հակոբին ասաց. «Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար ու կողոպտեցիր ինձ, ինչո՞ւ առևանգեցիր իմ դուստրերին՝ իբրև սրով գերվածների։ 27Եթե ինձ ասեիր, քեզ ճանապարհ կդնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։ 28Մի՞թե ես արժանի չէի համբուրելու իմ թոռներին ու դուստրերին։ Արդ, անմտություն արեցիր։ 29Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։ 30Արդ, գնալը գնացիր, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»։ 31Հակոբը պատասխան տվեց Լաբանին՝ ասելով. «Որովհետև վախեցա՝ մտածելով, թե կարող է քո դուստրերին ու իմ ողջ ունեցվածքը խլես ինձնից»։ 32Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։ 33Լաբանը մտնելով խուզարկեց Հակոբի վրանը և Լիայի վրանն ու երկու հարճերի վրանը և չգտավ։ Եվ ելնելով Լիայի վրանից՝ մտավ Ռաքելի վրանը։ 34Ռաքելը կուռքերը թաքցրել էր ուղտի թամբի տակ և նստել վրան։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը և չգտավ։ 35Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։
36Հակոբը զայրացած վիճեց Լաբանի հետ. Հակոբը Լաբանին ասաց. «Ես ի՞նչ վնաս եմ տվել, կամ ո՞րն է իմ հանցանքը, որ հետապնդեցիր ինձ 37և խուզարկեցիր իմ ողջ ունեցվածքը։ Իմ տանը քո ունեցվածքից ի՞նչ գտար. դի՛ր այն իմ եղբայրների ու քո եղբայրների առաջ, և նրանք թող դատ անեն մեր երկուսի միջև։ 38Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո ոչխարներն ու այծերը չստերջացան, և քո մաքիների խոյերը ես չկերա։ 39Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացվածի ու գիշերը գողացվածի վնասը։ 40Ցերեկը տանջվում էի տոթից, գիշերը՝ ցրտից։ Քունը փախել էր աչքերիցս։ 41Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։ 42Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։
43Լաբանը պատասխանեց Հակոբին՝ ասելով. «Դուստրերը իմ դուստրերն են, որդիները՝ իմ որդիները, կենդանիները՝ իմ կենդանիները։ Այն ամենը, ինչ դու տեսնում ես, իմն են ու իմ դուստրերինը։ Արդ, ի՞նչ կարող եմ անել իմ դուստրերին ու նրանց որդիներին, որոնց ծնեցին։ 44Արդ, արի՛ ես ու դու ուխտ կապենք։ Դա թող վկայություն լինի իմ ու քո միջև»։ Նա, իր խոսքը շարունակելով, ասաց նրան. «Ահա մեր միջև որպես վկա Աստծուց բացի ոչ ոք չկա»։ 45Եվ Հակոբը վերցրեց մի քար և կոթող կանգնեցրեց։ 46Եվ իր եղբայրներին դիմելով՝ ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր կուտակեցին, մինչև որ բլուր դարձավ, և այդ բլրի վրա կերան ու խմեցին։ 47Լաբանն այն կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Յըգար-Սահադութա#Արամերեն։], և Հակոբը կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Գալըեդ#Եբրայերեն։48Լաբանն ասաց նրան. «Այս բլուրն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս բլուրն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս բլուրը, վկա է այս կոթողը»։ Դրա համար էլ բլուրը կոչվեց Վկայություն։ 49Կոչվեց նաև Տեսիլ [𝕸 Միցպա], որովհետև Լաբանն ասաց. «Աստված թող մեր միջև դետ լինի, որովհետև բաժանվում ենք միմյանցից։ 50Եթե վշտացնես իմ դուստրերին, եթե իմ դուստրերի կենդանության օրոք կանայք առնես, զգո՛ւյշ եղիր, քանի որ մարդ չկա, որ այդ բանը տեսնի, բայց Աստված վկա կլինի իմ ու քո միջև»։ 51Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա՛ այս բլուրն ու ահա՛ այս կոթողը, որ կանգնեցրինք իմ ու քո միջև. 52վկա թող լինի այս բլուրը, վկա թող լինի այս կոթողը, որ ես չար դիտավորությամբ չեմ անցնի բլուրից այն կողմ, իսկ դու չես անցնի բլուրից ու կոթողից այս կողմ։ 53Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։
54Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 31: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք