ԵԼՔ 36
36
1Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։
2Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։ 3Նրանք Մովսեսից ստացան այն բոլոր նվերները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի գործերի համար։ Իրենք նույնպես ամեն առավոտ ընդունում էին նվիրատուների բերած նվերները։ 4Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպեսզի յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության գործադրի իր վարպետությունը։ 5Նրանք խոսեցին Մովսեսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործերը կատարելու համար»։ 6Մովսեսը կարգադրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Տղամարդ լինի թե կին, սրբարանի համար այլևս նվերներ չպատրաստի»։ Դրանից հետո ժողովրդին արգելեցին նվերներ բերել։ 7Նրանց բերածը բավարար էր, որպեսզի ավարտեն բոլոր գործերը։ Եվ մարդիկ դադարեցին բերելուց։
Տիրոջ խորանի շինությունը
(Ելք 26.1-37)
8Հմուտ մասնագետները արհեստավորների հետ պատրաստեցին խորանի տասը վարագույր՝ կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր նրբահյուս բեհեզից. դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով։ 9Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնն էին։ 10Հինգ վարագույրները միացած էին միմյանց, իսկ մյուս հինգ վարագույրներն էլ միմյանց էին միացած։ 11Նա կապույտ ճարմանդներ դրեց վարագույրների առաջին շարքի կցման եզրին։ 12Նույնն արեց վարագույրների երկրորդ շարքի կցման եզրին։ 13Հիսուն ճարմանդ դրեց մի շարքի և հիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ շարքի կցման եզրերին, որպեսզի ճարմանդներից յուրաքանչյուրը միանա մյուսին։ Պատրաստեց հիսուն ոսկե օղակ և դրանցով վարագույրների շարքերը միացրեց միմյանց, որպեսզի խորանն ամբողջական լինի։
14Խորանի ծածկի համար այծի մազից հյուսված տասնմեկ վարագույրներ պատրաստեց։ 15Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսերը նույնն էին։ 16Հինգ վարագույրները միացրեց առանձին և մնացած վեց վարագույրներն էլ՝ իրար։ 17Կցման տեղում՝ յուրաքանչյուր շարքի եզրին, դրեց հիսունական ճարմանդ։ 18Պատրաստեց պղնձե հիսուն օղակ և խորանը կցեց, որ ամբողջանա։
19Եվս երկու ծածկոց պատրաստեց խորանի համար՝ խոյերի կարմիր ներկված մորթիներից և կապույտ մորթուց արտախուրակներ՝ վերևի կողմից։
20Խորանի մույթերը պատրաստեց չփտող փայտից և կանգնեցրեց դրանք։ 21Մեկ մույթի երկարությունը տասը կանգուն էր, իսկ հաստությունն ու լայնությունը՝ մեկուկես կանգուն։ 22Ամեն մի մույթի վրա դրեց դրանք իրար միացնող երկու ագույց։ Այդպես պատրաստեց նաև խորանի բոլոր մույթերը։
23Խորանի համար մույթեր պատրաստեց. քսան մույթ դրեց հարավային կողմում և այդ քսան մույթերի համար պատրաստեց արծաթե քառասուն խարիսխ. 24մեկ մույթի համար՝ երկու խարիսխ և մյուս մույթի համար էլ՝ երկու խարիսխ։
25Խորանի երկրորդ՝ հյուսիսային կողմի համար պատրաստեց քսան մույթ 26և արծաթե քառասուն խարիսխ. մեկ մույթի համար՝ երկու խարիսխ և մյուս մույթի համար էլ՝ երկու խարիսխ։
27Խորանի հետևի՝ ծովահայաց կողմում դրեց վեց մույթ 28և երկու մույթ էլ դրեց խորանի հետևի անկյուններին։ 29Ներքևի կողմից նրանք միացած էին. նույն օրինակով միացած էին վերևի կողմից, միահյուսված. նույնպես արեց նաև անկյունների երկու մույթերի համար։ 30Այսպիսով ստացվեց ութ մույթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին. ընդամենը տասնվեց խարիսխ. յուրաքանչյուր մույթի համար՝ երկու խարիսխ։
31Եվ չփտող փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ խորանի մի կողմի մույթերի համար, 32հինգը՝ խորանի մյուս կողմի մույթերի համար և հինգն էլ՝ խորանի թիկունքի՝ ծովահայաց կողմի մույթերի համար։ 33Մեջտեղի նիգը մույթերի մի ծայրից մինչև մյուսն անցկացրեց։ 34Մույթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց օղակները, որոնց մեջ մտնում էին նիգերը։ Նիգերը նույնպես պատեց ոսկով։
35Կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից վարագույր պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով, 36և ամրացրեց չփտող փայտից շինված ոսկեպատ չորս մույթերի վրա։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։ 37Վկայության խորանի դռան վարագույրը կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով։ 38Դրանց մույթերը հինգն էին, ու դրանց օղակներն ու խոյակները պատեց ոսկով։ Դրանց հինգ խարիսխները պղնձյա էին։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 36: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն