ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6

6
Որդիներ և ծնողներ
1Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ 2«Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- 3որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի» (Ելք 20.12)։
4Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Ծառաներ և տերեր
5Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով ու երկյուղածությամբ և անկեղծ սրտով, այնպես, ինչպես կհնազանդվեիք Քրիստոսին, 6ոչ թե երեսպաշտությամբ ծառայելով, մարդկանց հաճելի լինելու համար, այլ որպես Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը կատարելու համար։ 7Ծառայե՛ք հոժարությամբ, ինչպես կծառայեիք Տիրոջը և ոչ թե մարդկանց։ 8Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ գործած լինի, նույնն էլ Տիրոջից կստանա։
9Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։
Հոգևոր մարտ
10Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ 11Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ 12Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։ 13Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։ 14Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, 15խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։ 16Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։ 18Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։ 19Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը, 20որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։
Վերջին ողջույններ
21Բայց որպեսզի դուք էլ ինձնից իմանաք, թե ի՛նչ եմ անում, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և հավատարիմ սպասավորը Տիրոջով։ 22Նրան այդ նպատակով ուղարկեցի ձեզ մոտ, որպեսզի տեղեկություն ունենաք մեր մասին և մխիթարվեք։
23Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ 24Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։

Արդեն Ընտրված.

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք