ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 3

3
Պողոսը հեթանոսների առաքյալ
1Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։ 2Դուք թերևս լսել եք, որ Աստված իր շնորհի մատակարարումը տվել է ինձ ձեր օգուտի համար։ 3Մի հայտնությամբ ինձ ցույց տվեց խորհուրդը, ինչպես վերևում համառոտ գրեցի ձեզ, 4որպեսզի կարող լինեք ընթերցելու և հասկանալու, թե որքան տեղյակ եմ Քրիստոսի խորհրդին։ 5Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով, 6որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։ 7Այդ Ավետարանին ես՝ Պողոսս, սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ Աստված իր զորության ներգործությամբ ինձ տվեց։ 8Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը 9և լուսավորելու բոլորին, որպեսզի իմանան, թե ի՛նչ է այն խորհրդի իրագործումը, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր Աստծու՝ տիեզերքի Արարչի մեջ, 10որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին, 11համաձայն իր հավիտենական ծրագրի, որ իրագործեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 12Նրան հավատալու միջոցով համարձակություն ու վստահություն ունենք Աստծու առջև։ 13Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։
Ճանաչել Քրիստոսի սերը
14Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, 15որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա, 16որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, 17և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, 18որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, 19ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։ 20Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ 21Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։

Արդեն Ընտրված.

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք