Բ ՕՐԵՆՔ 7

7
Տիրոջ սեփական ժողովուրդը
(Ելք 34.11-16)
1«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին, 2և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։ 3Նրանց հետ խնամիություն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, 4որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։ 5Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։ 6Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։ 7Տերը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ եք. իրականում դուք բոլոր ազգերից սակավաթիվ եք, 8այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։ 9Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ, 10իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով, պատժում է առանց հապաղելու, անմիջապես փոխհատուցում է նրանց։
11Պետք է պահես քեզ տված իմ պատվիրանները, օրենքներն ու կանոնները»։
Հնազանդության օրհնությունները
(Բ Օր. 28.1-4)
12«Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին, պահես ու գործադրես դրանք, ապա Տերը՝ քո Աստվածը, կպահի իր ուխտն ու կողորմի, ինչպես որ երդվել է մեր հայրերին։ 13Եվ կսիրի քեզ, կօրհնի ու կբազմացնի քեզ։ Կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու յուղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հոտերն այն երկրում, որ Տերը երդվեց տալ քո հայրերին։ 14Օրհնյալ կլինես դու բոլոր ազգերից ավելի։ Ձեր մեջ ամուլ և անծնունդ չի լինի, ոչ էլ ձեր անասունների մեջ։ 15Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցավերը, որոնք դու տեսար և իմացար, Տերը քեզ վրա չի բերի, այլ դրանք կտա քո թշնամիներին և բոլոր քեզ ատողներին։ 16Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։
Աստված՝ պաշտպան իր ժողովրդի
17«Իսկ եթե քո մտքում ասես. “Այդ ազգը մեզանից բազմամարդ է, ես ինչպե՞ս կարող եմ կոտորել նրանց”, 18ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լա՛վ հիշիր այն ամենը, ինչ արեց Տերը՝ քո Աստվածը, փարավոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։ 20Տերը՝ քո Աստվածը, նրանց վրա պիծակներ կուղարկի, մինչև որ կոտորվեն մնացածներն ու նրանք, որ թաքնվել են քեզանից։ 21Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը՝ մեծ ու հզոր, քո մեջ է։ 22Եվ Տերը՝ քո Աստվածը, աստիճանաբար կվերացնի այդ ազգերին քո առջևից։ Դու չպետք է նրանց միանգամից կոտորես, որպեսզի երկիրն ամայի չդառնա, և անապատի գազանները չբազմանան քո շուրջը։ 23Տերը՝ քո Աստվածը, նրանց կհանձնի քո ձեռքը և նրանց կորստյան կմատնի մեծ պատուհասներով, մինչև որ վերացնի նրանց։ 24Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։ 25Նրանց աստվածների կուռքերը կայրես հրով, դրանց վրա եղած արծաթի ու ոսկու վրա աչք չունենաս, չվերցնես դրանք, որպեսզի մեղք գործած չլինես, որովհետև այն Տիրոջ՝ քո Աստծու համար գարշելի է։ 26Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 7: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք