Բ ՕՐԵՆՔ 5

5
Տասը պատվիրանները
(Ելք 20.2-17)
1Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։ 2Տերը՝ մեր Աստվածը, ուխտ դրեց ձեզ հետ Քորեբում։ 3Տերն այդ ուխտը դրեց ոչ թե ձեր հայրերի, այլ ձեզ հետ, և դուք բոլորդ կենդանի եք այսօր։ 4Տերը դեմ հանդիման խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից։ 5Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի ձեզ հայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետև դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տերն ասաց.
6“Ես՝ Տերը, քո Աստվածն եմ, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ 7Իմ աչքի առջև օտար աստվածներ չունենաս, 8քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։ 9Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։ 10Իսկ ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ ողորմածություն եմ անում։
11Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։
12Շաբաթ օրը սո՛ւրբ պահիր, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ 13Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, 14իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։ 15Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից քեզ դուրս բերեց հզոր ձեռքով ու բարձր բազկով, որի համար Տերը՝ քո Աստվածը, քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։
16Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
17Մի՛ շնացիր։
18Մի՛ սպանիր։
19Մի՛ գողացիր։
20Քո մերձավորի մասին սուտ վկայություն մի՛ տուր։
21Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ դիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որևէ անասունի, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, ինչ քո մերձավորին է պատկանում”։
22Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
Մովսեսը՝ Աստծու պատգամախոս
(Ելք 20.18-21)
23«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, և լեռը բորբոքված էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը, ինձ մոտենալով, 24ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։ 25Բայց չմեռնենք, որովհետև այս մեծ կրակը կարող է մեզ սպանել. եթե մյուս անգամ դարձյալ լսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, ապա կմեռնենք։ 26Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։ 27Դու մոտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, կասի, և մեզ հաղորդի՛ր այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, կասի քեզ։ Մենք կլսենք ու կկատարենք”։ 28Տերը լսեց ինձ ասած ձեր խոսքերը։ Տերն ասաց ինձ. “Լսեցի ժողովրդի այն խոսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամեն ինչ ճիշտ ասացին։ 29Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։ 30Արդ, գնա՛ և ասա՛ նրանց. “Վերադարձե՛ք ձեր տները”։ 31Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։ 32Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։ 33Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք