Բ ՕՐԵՆՔ 32

32
Մովսեսի օրհներգությունը
1«Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ,
և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։
2Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման,
և պատգամները թող իջնեն իբրև ցող,
իբրև սեզի վրա տեղացող անձրև
ու խոտի վրա տեղացող տեղատարափ,
3որովհետև կանչել եմ Տիրոջ անունը։
Օրհնությո՛ւն առաքեք Տիրոջը՝ մեր Աստծուն,
4Աստված, որի գործերը ճշմարիտ են,
ու նրա ուղիները՝ օրինավոր։
Աստված հավատարիմ է,
և նրա մեջ անիրավություն չկա,
Տերն արդար է ու անարատ։
5Մեղք գործեցին,
այլևս նրա որդիները չեն այս արատավորները,
սա թյուր ու մոլորված մի ազգ է։
6Ինչո՞ւ եք Տիրոջը այդպես հատուցում,
հիմար ու անմի՛տ ժողովուրդ,
Մի՞թե նա այն հայրը չէ,
որ քեզ ձեռք բերեց, քեզ արարեց ու մեծացրեց քեզ։
7Հիշի՛ր անցած օրերը,
մտաբերի՛ր անցած սերունդների տարիները,
հարցրո՛ւ քո հայրերին, և նրանք քեզ կպատմեն,
քո ծերերին, և նրանք քեզ կասեն։
8Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին,
երբ սփռեց Ադամի որդիներին,
ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։
9Տիրոջ բաժինը եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը,
իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը։
10Նա հոգաց նրա պետքերն անապատում,
ջրից զուրկ վայրում,
ծարավեցնող տոթից պաշտպանեց նրան,
խրատեց ու աչքի բիբի պես պահեց նրան։
11Իր բույնն ու իր ձագերին թևի տակ առնող արծվի նման գթաց,
տարածեց իր թևերն ու ընդունեց նրան,
և իր մեջքին դրած բարձրացրեց նրան։
12Միայն Տերն էր առաջնորդում նրանց,
և նրանց հետ օտար աստված չկար։
13Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում,
նրանց կերակրեց դաշտերի բերքով,
ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։
14Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ,
գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ,
և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների,
և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։
15Հակոբը կերավ ու հագեցավ,
ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։
Գիրացավ, հաստացավ ու լայնացավ,
լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին,
և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
16Ինձ բարկացրին օտար աստվածներով
և իրենց գարշելի պաշտամունքով դառնացրին ինձ։
17Զոհ մատուցեցին դևերին և ոչ թե Աստծուն,
կուռքերին, որոնց չէին ճանաչում,
որոնք նոր էին ու ժամանակավոր,
և որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։
18Դու լքեցիր Աստծուն, որը ծնեց քեզ,
մոռացար Աստծուն՝ քեզ կերակրողին։
19Տերը տեսավ ու վրդովվեց,
սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկացնող արարքների համար։
20Եվ ասաց. Իմ երեսը կթեքեմ նրանցից և նրանց ցույց կտամ,
թե ի՛նչ կլինի նրանց վախճանը,
որովհետև սրանք մոլորված ազգ են,
հավատ չունեցող որդիներ։
21Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների,
ինձ բարկացրին իրենց կուռքերով,
ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով,
նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։
22Իմ բարկությունից հուր է բորբոքվել։
Դա կայրի մինչև դժոխքի խորքերը,
կլափի հողն ու նրա բերքը,
կբորբոքի լեռների հիմքերը։
23Նրանց վրա չարիք պիտի կուտակեմ
ու իմ նետերն սպառեմ նրանց վրա։
24Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։
Անբուժելի հիվանդություններ
և գազանների ժանիքներ
և երկրի երեսին բարկությամբ սողացողների
պիտի ուղարկեմ նրանց վրա։
25Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի,
իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին,
մանուկներին ու ալևոր ծերերին։
26Նրանց կցրեի,
մարդկանց միջից կվերացնեի նրանց հիշատակը,
27եթե չլիներ թշնամիների զայրույթը.
չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն.
“Ոչ թե Տերն արեց այս ամենը,
այլ մեր բարձր ձեռքերը”։
28Սրանք անխոհեմ ազգ են,
ու նրանց մեջ իմաստություն չկա։
29Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս.
արդ, կստանան ապագայում։
30Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին,
և երկուսը՝ հետապնդել տասը հազարին,
եթե Աստված նրանց չլքի,
եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
31Նրանց աստվածները մեր Աստծու նման չեն,
իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։
32Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը,
իսկ նրանց վազը՝ Գոմորից։
Նրանց խաղողը լեղի է,
նրանց ողկույզը՝ դառն։
33Նրանց գինին վիշապների ժահր է և իժերի մահառիթ թույն։
34Մի՞թե այս ամենն ինձ մոտ չի հավաքված
և կնքված չի պահվում իմ գանձարանում։
35Կհատուցեմ վրեժխնդրության օրը,
այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին,
որովհետև մոտ է նրանց կորստյան օրը,
և ձեր դատաստանը պատրաստ է։
36Տերը դատելու է իր ժողովրդին
և մխիթարվելու է իր ծառաներով,
որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են,
լքված ու գերության մատնված։
37Եվ Տերը պիտի ասի. Որտե՞ղ են նրանց աստվածները,
որոնց ապավինում էին,
38որոնց զոհերի ճարպն էիք ուտում,
նրանց նվիրաբերումների գինին խմում։
Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։
39Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն,
և ինձանից բացի ուրիշը չկա։
Ես եմ սպանում և ես եմ փրկում,
ես եմ հարվածում և ես եմ բժշկում։
Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
40Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդվում եմ իմ աջով ու ասում.
Կենդանի եմ ես հավիտյան,
41որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման,
իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը,
և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։
Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
42Իմ նետերն արյամբ պիտի հագենան,
իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների
և գլուխները ինձ թշնամի իշխանների։
43Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ,
Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։
Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ,
նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները,
որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում.
թշնամիների վրեժն է պահանջվելու,
և դատաստան է արվելու։
Թող ատելի մարդկանց հատուցի,
և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։
44Մովսեսն այս օրհներգությունները գրեց այդ օրը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսը մտավ ժողովրդի մեջ, և ինքն ու Նավեի որդի Հեսուն օրենքի բոլոր խոսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։ 45Մովսեսն այս խոսքերը Իսրայելի բոլոր որդիներին հաղորդելուց հետո 46նրանց ասաց. «Ձեր սրտում պահե՛ք բոլոր այն խոսքերը, որոնք ես այսօր վկայություն եմ դնում ձեր առջև։ Դրանք պատվիրե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը։ 47Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։
48Տերը, նույն օրը խոսելով Մովսեսի հետ, ասաց. 49«Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։ 50Եվ վախճանվի՛ր այն լեռան վրա, որ պիտի ելնես, ու միացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ Հովր լեռան վրա մեռավ քո եղբայր Ահարոնն ու միացավ իր ժողովրդին։ 51Քանի որ անտեսեցիք իմ խոսքերը և Իսրայելի որդիների աչքում չսրբացրիք ինձ, երբ գտնվում էիք Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] մոտ, Կադեսում՝ Սին անապատում, 52դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ չպիտի մտնես»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 32: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք