Բ ՕՐԵՆՔ 23

23
1Ոչ ոք իրավունք չունի ամուսնանալու իր հոր կնոջ հետ, որպեսզի իր հորը այդպիսով անպատված չլինի»։
Տիրոջ ժողովարանի միջից արտաքսում
2«Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրավունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։ 3Պոռնկորդին իրավունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։
4Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից, 5որովհետև Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք հաց ու ջուր չտվեցին ձեզ և որովհետև քո դեմ վարձեցին միջագետքցի Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։ 6Սակայն Տերը՝ քո Աստվածը, չկամեցավ լսել Բաղաամին, և Տերը՝ քո Աստվածը, անեծքը վերածեց օրհնության, քանի որ Տերը՝ քո Աստվածը, սիրեց քեզ։ 7Քո կյանքի բոլոր օրերին, մինչև հավիտյան նրանց հետ դաշինք չկնքես։
8Սակայն եդովմացուց մի՛ խորշիր, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուց նույնպես մի՛ խորշիր, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։ 9Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։
Բանակատեղին մաքուր պահել
10«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բաներից։ 11Եթե ձեր մեջ գտնվի մի մարդ, որն իր երազախաբության պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի և բանակ չմտնի։ 12Երեկոյան նա իր մարմինը պետք է լվա ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ 13Բանակատեղիից դուրս առանձնացված մի տեղ պետք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։ 14Քո գոտուց կախված պետք է ունենաս մի ցից, որպեսզի երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես և քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես. 15որովհետև Տերը՝ քո Աստվածը, շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամուն մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պետք է մնա, քո միջավայրում աղտեղություն չպետք է երևա, որպեսզի քեզանից չհեռանա»։
Զանազան օրենքներ
16«Իր տիրոջից փախած և քեզ մոտ եկած ստրուկին մի՛ հանձնիր նրա նախկին տիրոջը. 17նա թող բնակվի քեզ հետ ու քեզ մոտ տեղավորվի այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Նրան նեղություն մի՛ պատճառեք։
18Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության#Քանանացիների Բահաղ չաստծուն նվիրված ծիսական պոռնկություն, որից ստացված վարձը իբրև նվեր ընծայում էին կուռքերին։։
19Տղամարդ կամ կին պոռնկի վարձը որևէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետև Տիրոջ՝ քո Աստծու առջև դրանք գարշելի են։
20Քո եղբորը վաշխով արծաթ չտաս կամ տոկոսով կերակուր և կամ այլ բան։ 21Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
22Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։ 23Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ։ 24Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛ւյշ եղիր, որ անես այնպես, ինչպես որ ուխտել ես Տիրոջը՝ քո Աստծուն։ Տո՛ւր այն նվերը, որ խոստացել ես քո բերանով։
25Եթե մտնես քո մերձավորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձավորի արտում մանգաղ չգործածես։ 26Եթե մտնես քո մերձավորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչև հագենալդ, բայց ամանի մեջ լցնելով չտանես»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 23: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք