Բ ՕՐԵՆՔ 22

22
1«Չլինի թե ճանապարհին տեսնես քո եղբոր մոլորված արջառը կամ ոչխարը և անտես անես դրանք. անպատճառ պետք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբոր մոտ։ 2Եթե քո եղբայրը քեզ մոտիկ վայրում չի ապրում, կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կբերես քո տունը. դրանք թող մնան քեզ մոտ, մինչև որ քո եղբայրը փնտրի դրանք, ու դու վերադարձնես նրան։ 3Նույն կերպ կվարվես նրա էշի հետ, նույն կերպ կվարվես նրա հանդերձների հետ, նույն կերպ կվարվես քո եղբոր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթե նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չհանդգնես անուշադրության մատնել այն։ 4Երբ կտեսնես, որ քո եղբոր էշը կամ եզը ընկած է ճանապարհին, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ կօգնես նրան՝ այն ոտքի հանելու։
5Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։
6Եթե քո ճանապարհին հանդիպես թռչունի բույնի, ծառի վրա լինի, թե գետնի, և մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձվերը, ապա մորը ձագերի հետ չվերցնես. 7ազատ կարձակես մորը և միայն ձագերին կվերցնես քեզ, որպեսզի բարիքի արժանանաս և այդ երկրի վրա երկարակյաց լինես։
8Նոր տուն կառուցելիս բազրիք կշինես տանիքի շուրջը, որպեսզի եթե մեկն այնտեղից ընկնի, դու քո տան մեջ սպանություն գործած չլինես։
9Խաղողի այգուդ մեջ այլ սերմեր չցանես, այլապես թե՛ այգու բերքը, թե՛ սերմի բերքը կպատկանեն Տիրոջը։
10Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։
11Տարբեր նյութերից՝ բրդից ու վուշից միասին գործված հագուստ չհագնես։ 12Ինչ էլ որ հագնես, քո հագած հագուստի չորս կողմերի վրա մանվածո ծոպեր կդնես»։
Օրենքներ սեռական կյանքի մասին
13«Եթե մեկը կին առնի՝ ամուսնանա նրա հետ, բայց ատի նրան, 14նրան բամբասելով՝ մեղքեր բարդի նրա վրա, նրա անունը վարկաբեկելով՝ ասի՝ “Այս կնոջ հետ ամուսնացա, բայց երբ մերձեցա, նրան կույս չգտա”, 15կնոջ հայրն ու մայրը, իրենց դստերն առնելով, դստեր կուսության նշանը թող ցուցադրեն ատյանում՝ ծերերի առջև։ 16Կնոջ հայրը թող ասի ծերերին. “Իմ այս դստերը կնության տվեցի այս մարդուն, և նրան ատելով՝ 17սա բամբասում է ու զրպարտում, թե՝ “Քո դստերը կույս չգտա”։ Ահա իմ դստեր կուսության նշանները”։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջև թող բացեն լաթը։ 18Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու հանդիմանեն այդ մարդուն։ 19Նրանից թող գանձեն հարյուր սիկղ, հանձնեն կնոջ հորը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և տղամարդը երբեք չհամարձակվի արձակել նրան։ 20Իսկ եթե ճիշտ լինի նրա ասածը, և աղջկա կուսության ապացույց չգտնեն, 21ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։
22Եթե գտնվի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կսպանեք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայելի միջից չարը վերացրած կլինեք։
23Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի նշանված կույս աղջկա և պառկի նրա հետ, 24ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։ 25Իսկ եթե տղամարդը դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնությամբ պառկի նրա հետ, ապա կսպանեք աղջկան բռնաբարած տղամարդուն, 26իսկ աղջկան ոչինչ չեք անի, քանի որ աղջիկը մահվան արժանի բան չի արել. սա նման է այն դեպքին, երբ մեկի վրա հարձակվում են ու սպանում նրան։ 27Նա դաշտի մեջ է հանդիպել նրան, նշանված աղջիկը դիմադրել է, և ոչ ոք չի եղել, որ օգներ նրան։
28Եթե մեկը չնշանված կույս աղջկա հանդիպի ու բռնությամբ պառկի նրա հետ, 29ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 22: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք