Բ ՕՐԵՆՔ 21

21
Չբացահայտված մարդասպանությունների մասին
1«Եթե մի վիրավոր գտնվի այն երկրում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, և ընկած լինի դաշտի մեջ, ու չիմանան, թե ո՛վ է նրան խոցողը, 2ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատավորները և չափեն սպանվածի և նրա շուրջը գտնվող քաղաքների միջև ընկած տարածությունը։ 3Սպանվածի վայրին առավել մոտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված ու լուծ չկրած մի երինջ. 4այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժոտ մի ձորի մեջ, որտեղ ո՛չ վար է արված, ո՛չ սերմ ցանված, և այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։ 5Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։ 6Սպանվածին առավել մոտիկ գտնվող քաղաքի բոլոր ծերերն իրենց ձեռքերը թող լվան ձորում ջլակոտոր արված երինջի գլխի վրա 7և պատասխան տալով՝ թող ասեն. “Մեր ձեռքերը չեն թափել այս արյունը, և մեր աչքերը չեն տեսել։ 8Տե՜ր, քավությո՛ւն արա Իսրայելին՝ քո ժողովրդին, որին փրկեցիր, որպեսզի առանց պատճառի թափված արյունը Իսրայելին՝ քո ժողովրդին չվերագրվի”։ Դրանով նրանք թափված արյան մեղքից զերծ կմնան։ 9Այս ձևով դու ձեր միջից կսրբես առանց պատճառի թափված արյունը՝ անելով այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև»։
Գերի կանանց կին առնելու կարգի մասին
10«Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, ավար վերցնես նրանց ունեցվածքը 11և գերեվարվածների մեջ գեղեցիկ կին տեսնես ու ցանկանաս նրան քեզ կին առնել, 12նրան կտանես քո տունը, կածիլես նրա գլուխը, կկտրես նրա եղունգները, 13կհանես նրա գերության զգեստները, ապա նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո միայն կմերձենաս նրան, կապրես նրա հետ, և նա քո կինը կլինի։ 14Եթե դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կարձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստրկացնես, քանի որ քո կինն է եղել»։
Անդրանիկ զավակի ժառանգության մասին
15«Եթե մի տղամարդ երկու կին ունենա, որոնցից մեկը սիրելի լինի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ սիրելին ու ատելին, նրա համար որդիներ ծնեն, և անդրանիկը լինի ատելի կնոջ որդին, 16ու երբ վրա հասնի իր ունեցվածքը որդիներին ժառանգություն տալու օրը, ապա այդ մարդն իրավունք չունի անդրանիկի իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն. 17նա պարտավոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն և իր ունեցածի կրկնակի բաժինը նրան տալ, որովհետև նա է նրա անդրանիկ որդին, և անդրանկության իրավունքը նրան է պատկանում»։
Անհնազանդ զավակի մասին
18«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց, 19ապա նրա հայրն ու մայրը նրան բռնելով թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ՝ իրենց ատյանի առջև, 20և ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող”։ 21Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։
Զանազան օրենքներ
22«Եթե մեկը մահվան դատապարտվելու արժանի հանցանք կատարի, և մահվան դատապարտվի, ու նրան կախեն ծառից, 23ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 21: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք