Բ ՕՐԵՆՔ 20
20
Օրենք պատերազմի մասին
1«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։ 2Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մոտենալով թող խոսի ժողովրդի հետ 3և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք, 4որովհետև Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հետ գնում է ձեր առջևից, որպեսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դեմ՝ փրկի ձեզ”։
5Դպիրները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ նա սպանվի, և ուրիշ մարդ մտնի նրա կառուցած տունը։ 6Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ սպանվի, և ուրիշ մարդ դրա բերքը վայելի։ 7Այն մարդը, որը մի աղջկա հետ նշանվել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ սպանվի, և ուրիշ մարդ առնի նրա նշանածին”։ 8Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։ 9Երբ դպիրները վերջացնեն ժողովրդի հետ խոսելը, զորքի հրամանատարներ թող նշանակվեն՝ բանակն առաջնորդնելու համար։
10Եթե մոտենաս մի քաղաքի՝ նրա դեմ պատերազմելու համար, նախ նրա բնակիչներին խաղաղության կո՛չ արա։ 11Եթե խաղաղությունն ընդունեն և քո առջև բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մեջ գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու և հնազանդ թող լինի քեզ։ 12Իսկ եթե չհնազանդվեն քեզ և պատերազմեն քո դեմ, ապա կպաշարես քաղաքը։ 13Եվ Տերը՝ քո Աստվածը, այն կմատնի քո ձեռքը. և դու սրակոտոր կանես նրա բոլոր արուներին, 14կխնայես կանանց, երեխաներին ու բոլոր անասուններին և այն ամենը, ինչ գտնվում է քաղաքում։ Ամբողջ ավարը կվերցնես քեզ և կուտես քո թշնամիների ունեցվածքը, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։ 15Այդպես կվարվես նաև շատ հեռու գտնվող բոլոր քաղաքների հետ, որոնք այս ազգերի քաղաքներից չեն, 16այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք, 17ամբողջապես կոչնչացնեք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին, հեբուսացիներին և գերգեսացիներին, ինչպես պատվիրել է Տերը՝ քո Աստվածը, 18որպեսզի ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստվածների համար, և դրանով դուք մեղանչեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև։
19Եթե երկար ժամանակ պաշարում ես մի քաղաք՝ այն գրավելու համար, կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. այլ կե՛ր դրանց պտղից, բայց մի՛ կտրիր. ծառը մի՞թե դաշտում գտնվող մարդ է, որ կարողանա քեզանից հեռանալով՝ պաշարվածներին միանալ։ 20Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 20: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն