Բ ՕՐԵՆՔ 14

14
Զգուշացում ցուցադրական սգից
1«Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք, 2որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։
Մաքուր և անմաքուր կենդանիներ
(Ղևտ. 11.1-47)
3«Ամեն մի բան, որ անմաքուր է, մի՛ կերեք։
4Սրանք են այն կենդանիները, որ կարող եք ուտել. արջառ, ոչխար, այծ, 5եղջերու, այծյամ, գոմեշ, իշայծյամ, այծքաղ, վայրի այծ և եղնիկ։ 6Կուտեք նաև թաթը ճեղքված, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր կենդանիները։ 7Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, բայց թաթը ճեղքված կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը թեև որոճում են, բայց կճղակաբաշխ չեն. դրանք ձեզ համար թող անմաքուր լինեն։ 8Խոզը թեև ճեղքված թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերեք նրա միսը և դրանց սատկած մարմնին մի՛ մոտեցեք։
9Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող եք ուտել. կարող եք ուտել ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։ 10Մի՛ կերեք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։
11Բոլոր մաքուր թռչունները կարող եք ուտել։ 12Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվ, կորճ, անգղ, 13գետարծիվ, ցին և դրանց նմանները, 14որի և դրա նմանները, 15ջայլամ, բու, ճայ, 16արագիլ, կարապ, հողամաղ, 17քաջահավ, սոխակ, ագռավ, 18հավալուսն, քաղադր և դրանց նմանները, նաև՝ հոպոպ և չղջիկ։ 19Ձեզ համար անմաքուր թող լինեն բոլոր թևավոր զեռունները, դրանք մի՛ կերեք։ 20Կարող եք ուտել միայն բոլոր մաքուր թռչունները։
21Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։
Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
Տասանորդի օրենքը
22«Ամեն տարի կառանձնացնես քո սերմանածի ողջ արդյունքի ու քո դաշտերի բերքի տասանորդը 23և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։ 24Եվ եթե Տիրոջ՝ քո Աստծու օրհնությամբ քո բերքը շատ առատ լինի, ճանապարհն էլ շատ հեռու, և դու չկարողանաս տանել այն, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է Տերը՝ քո Աստվածը՝ իր անվան պաշտամունքի համար, 25կվաճառես այն արծաթի դիմաց և այդ արծաթը վերցնելով՝ կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։ 26Այդ արծաթով կգնես այն ամենը, ինչ ինքդ կկամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ցքի կամ այն ամենը, ինչ ինքդ կկամենաս, և կուտես այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և կուրախանաք դու և քո որդին։ 27Քո քաղաքներում գտնվող ղևտացուն աչքաթող չանես, որովհետև նա հողից ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն։
28Երեք տարի անցնելուց հետո կառանձնացնես այդ տարվա բերքի բոլոր տասանորդները և կպահես քո քաղաքներում։ 29Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք