ԲԱՐՈՒՔ 1
1
1Ահա սրանք են այն խոսքերը, որ Բարուքը՝ Քեղկիայի որդու՝ Ասադայի որդու՝ Սեդեկիայի որդու՝ Մաասայի որդու՝ Ներիայի որդին, գրեց Բաբելոնում, 2հինգերորդ տարում՝ ամսվա յոթերորդ օրը, այն ժամանակ, երբ քաղդեացիները վերցրին Երուսաղեմը և հրով այրեցին այն։ 3Բարուքն այս թղթի խոսքերն ընթերցեց ի լուր Հուդայի արքա Հովակիմի որդու՝ Հեքոնիայի և ի լուր համայն ժողովրդի, որ գալիս էին դեպի մատյանը, 4նաև ի լուր զորքերի ու թագավորների որդիների, ի լուր ծերերի և ի լուր ամբողջ ժողովրդի՝ փոքրից մինչև մեծերը, բոլորի, որ բնակվում էին Բաբելոնում՝ Սուդ գետի մոտերքը։ 5Եվ լալիս ու պահք էին պահում և աղոթքի էին կանգնում Տիրոջ առաջ։ 6Ապա արծաթ հավաքեցին՝ յուրաքանչյուրն ըստ իր կարողության, 7և ուղարկեցին Երուսաղեմ՝ Սաղովմի որդու՝ Քեղկիայի որդի Հովակիմ քահանային և Երուսաղեմում նրա հետ գտնվող ուրիշ քահանաների։ 8Երբ նա վերցրեց Տիրոջ տաճարի սպասքը, որ հանվել էր տաճարից, վերադարձնելու Հուդայի երկիրը սիվան ամսվա տասին, արծաթե այն սպասքը, որ պատրաստել էր Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիան, 9երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Հեքոնիային, իշխաններին, բանտապետներին, հզորներին ու երկրի ժողովրդին Երուսաղեմում գերեվարելուց հետո նրանց Բաբելոն տարավ։ 10Եվ ասացին. «Ահա ուղարկեցինք ձեզ արծաթ. այդ արծաթով գնե՛ք ողջակեզներ, մեղքերի համար զոհաբերություններ ու կնդրուկ և ընծա՛ պատրաստեք ու հանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սեղանը։ 11Եվ աղո՛թք արեք բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի կյանքի համար և նրա որդու՝ Բաղդասարի կյանքի համար, որպեսզի նրանց օրերը լինեն ինչպես երկնքի օրեր երկրի վրա։ 12Եվ Տերը մեզ զորություն կտա և լուսավոր կդարձնի մեր աչքերը, և կապրենք բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի հովանու ներքո և նրա որդու՝ Բաղդասարի հովանու ներքո, բազում օրեր կծառայենք նրանց և շնորհ կգտնենք նրանց առաջ։ 13Աղո՛թք արեք և մեզ համար Տիրոջը՝ մեր Աստծուն, որովհետև մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու հանդեպ, և Տիրոջ ցասումն ու նրա բարկությունը չդարձան մեզնից մինչև այսօր։ 14Կարդացե՛ք այդ թուղթը, որն ուղարկեցինք ձեզ, դնելով Տիրոջ տաճարում տոնի օրերին և առիթի օրերին։
Ապաշխարության աղոթք.
Խոստովանություն
15Եվ կասեք. «Տիրոջը՝ մեր Աստծունն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես այս օրերին Հուդայի մարդու և Երուսաղեմի բնակիչների համար, 16մեր թագավորներինն ու մեր իշխաններինը, մեր քահանաներինը, մեր մարգարեներինն ու մեր հայրերինը՝ Տիրոջ առաջ, 17մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և չհավատացինք՝ ապստամբելով նրանից, 18որովհետև անհնազանդ եղանք նրան և չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը՝ ընթանալու ըստ Տիրոջ հրամանների, որ դրեց մեր առաջ»։ 19Այն օրվանից, երբ Տերը մեր հայրերին հանեց եգիպտացիների երկրից, մինչև այսօր անհնազանդ եղանք Տիրոջը՝ մեր Աստծուն, և մերժեցինք լսել նրա ձայնը։ 20Եվ մեզ շրջապատեցին չարիքներն ու նզովքը, որ Տերը կարգեց իր ծառա Մովսեսի միջոցով այն օրը, երբ մեր հայրերին հանեց եգիպտացիների երկրից՝ տալով մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես և այսօր։ 21Եվ չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնն ըստ բոլոր խոսքերի այն մարգարեների, որոնց ուղարկեց մեզ մոտ, 22և ընթացանք յուրաքանչյուրն ըստ իր չար սրտի խորհուրդների՝ հարելով օտար աստվածների, չարիք գործելով Տիրոջ՝ մեր Աստծու առաջ»։
Արդեն Ընտրված.
ԲԱՐՈՒՔ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն