ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24

24
Դատ Պողոսի դեմ
1Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոսի հետ եկավ։ Նրանք Պողոսի մասին հաղորդեցին դատավորին։ 2Եվ երբ նրան կանչեցին, Տերտյուղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը մեծ խաղաղություն և գործերի կարգավորություն է գտել քո և քո խնամքի շնորհիվ։ 3Ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ և մեծապես երախտապարտ ենք, ո՛վ պատվական Ֆելիքս։ 4Բայց որպեսզի ավելորդ հոգնություն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտությամբ լսես մեր հակիրճ խոսքը։ 5Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։ 6Նա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք և կամեցանք դատել ըստ մեր օրենքի։ 7Բայց եկավ Լյուսիաս հազարապետն ու մեծ բռնությամբ մեր ձեռքից հափշտակեց՝ 8հրամայելով, որ նրան չարախոսողներն էլ քեզ մոտ գան։ Նրան դու ինքդ կրկին դատելով՝ կկարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք ամբաստանում ենք նրան»։ 9Հրեաներն էլ համաձայնվեցին ու ասացին. «Այդպես է»։
Պողոսի ինքնապաշտպանությունն ատյանի առաջ
10Երբ կուսակալը նրան գլխով նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին հոժարությամբ պատասխան եմ տալիս։ 11Ինչպես որ կարող ես իմացած լինել, տասներկու օրից ավելի չէ, ինչ ես Երուսաղեմ եմ բարձրացել՝ երկրպագություն անելու։ 12Ինձ ո՛չ տաճարում են որևէ մեկի հետ գտել խոսելիս և կամ շուրջս բազմություն հավաքելիս, ո՛չ ժողովարաններում և ո՛չ էլ քաղաքում։ 13Ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձնից չարախոսում են։ 14Բայց խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որի մասին ասում են՝ հերձված է, այդպե՛ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ։ 15Հույս ունեմ առ Աստված, որ, ինչպես դրանք էլ են ակնկալում, արդարների և մեղավորների հարություն է լինելու։ 16Դրա համար ինքս էլ ճգնում եմ, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խիղճ ունենամ։ 17Բազում տարիներից հետո եկա ողորմություն անելու իմ ազգի մեջ և զոհեր մատուցելու, 18որոնցով սրբված էի, երբ ինձ գտան տաճարում. ո՛չ բազմության հետ էի, ո՛չ էլ՝ խռովարար ամբոխի։ 19Ասիացի հրեաներից ոմանք պետք է գային քո առաջ և ամբաստանեին ինձ, եթե իմ դեմ մի բան ունենային. 20և կամ հենց սրանք թող ասեն, թե ի՛նչ անիրավություն են գտել իմ մեջ, մինչ ատյանի առաջ էի կանգնած. 21բացի իմ այն մեկ խոսքից, որ բարձրաձայն ասացի, երբ կանգնած էի նրանց մեջ. “Մեռելների հարության համար եմ ես այսօր դատվում ձեզնից”»։
Պողոսը կալանքի տակ
22Ֆելիքսը նրանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այդ ճանապարհի մասին, և ասաց. «Մինչ Լյուսիաս հազարապետն այստեղ իջնի, ձեր գործը կհետաձգեմ»։ 23Հարյուրապետին հրամայեց Պողոսին պահել, բայց որոշ ազատություն տալ, և նրա յուրայիններից ոչ ոքի չարգելել նրան ծառայելու։
24Մի քանի օր հետո Ֆելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին և նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի մասին։ 25Եվ մինչ Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամը լինի, քեզ կկանչեմ»։ 26Միաժամանակ ակնկալում էր, որ Պողոսից իրեն դրամ կհասնի. դրա համար, հաճախակի կանչելով Պողոսին, զրուցում էր նրա հետ։ 27Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք