ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19

19
Պողոսը Եփեսոսում
1Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը շրջեց վերին կողմերում և իջավ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ 2նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ 3Պողոսն ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ 4Եվ Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին քարոզում էր ապաշխարության մկրտությունը և ասում, որ նրա՛ն թող հավատան, ով գալու է իրենից հետո, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին»։ 5Այս լսելուն պես մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ 6Եվ երբ Պողոսը նրանց վրա ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. լեզուներ էին խոսում ու մարգարեանում։ 7Նրանք ամենքը շուրջ տասներկու հոգի էին։
Եփեսոսի եկեղեցու հիմնումը
8Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։ 9Իսկ երբ ոմանք, բազմության առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, խստասրտությամբ չհամոզվեցին և ընդդիմացան՝ նրանցից բաժանվելով, աշակերտներին զատեց և ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրանոցում։ 10Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։
Հրեա երդվեցնողները
11Աստված ոչ պակաս զորավոր գործեր էր անում Պողոսի միջոցով. 12մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, ու չար ոգիները դուրս էին գալիս նրանց միջից։ 13Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։ 14Այս անողները ոմն Սկևոս հրեա քահանայապետի յոթ որդիներն էին։ 15Սակայն չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ո՞վ եք»։ 16Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, վազեց նրանց վրա և երկուսին էլ բռնելով՝ գետնին զարկեց նրանց, այնպես որ նրանք մերկ ու վիրավոր փախան այդ տնից։ 17Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին ու հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և փառավորվում էր Տեր Հիսուսի անունը։ 18Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ 19Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին իրենց գրքերը և բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշվեցին և գտան, որ հիսուն հազար արծաթ դահեկան էր։
20Եվ այսպես օրեցօր Աստծու խոսքն աճում էր ու զորանում։
21Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ 22Իրեն ծառայող ուղեկիցներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։
Արծաթագործների խռովությունը Եփեսոսում
23Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բավական մեծ խռովություն առաջ եկավ։ 24Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհյանի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։ 25Ժողովելով նրանց և նույն արհեստի մասնագետներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր շահն այս գործից է, 26և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։ 27Եվ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհվի, այլ նաև այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհյանը ոչինչ պիտի համարվի, նաև պիտի խարխլվի նրա մեծությունը, որին ողջ Ասիան և աշխարհն է պաշտում»։ 28Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 29Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։ 30Բայց երբ Պողոսն ուզեց մտնել ամբոխի մեջ, աշակերտները նրան չթողեցին։ 31Ասիացի իշխանավորներից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին և աղաչեցին, որ թատրոնում չերևա։ 32Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթության մեջ էր, և նրանցից շատերն էլ նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։ 33Ամբոխից ոմանք բազմությունից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը և կամենում էր պատասխանել ամբոխին։ 34Երբ իմացան, որ Ալեքսանդրոսը հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։ 35Քաղաքի գլխավոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտի մեծ Արտեմիս դիցուհուն և երկնքից՝ Զևսի մոտից ընկած նրա արձանը։ 36Եվ որովհետև դա անկասկած այդպես է, դուք պետք է հանդարտվեք և հանդգնությամբ ոչինչ չանեք։ 37Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհյան կողոպտողներ են, ո՛չ էլ մեր դիցուհուն հայհոյողներ։ 38Իսկ եթե Դեմետրիոսը և նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, ատյան թող գնան, որտեղ դատավորներ կան, և այնտեղ էլ թող ամբաստանեն միմյանց։ 39Բայց եթե մեկ այլ բանի մասին խնդիր կա, թող օրինավոր ժողովում դա վճռվի. 40որովհետև մեզ համար էլ վտանգ կա, որ մեղադրվենք այսօրվա այս կռվի պատճառով, որ տեղի ունեցավ առանց որևէ հանցանքի առկայության։ Դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս ժողովի համար»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք