ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17

17
Հուզումներ Թեսաղոնիկեում
1Ամփիպոլիս ու Ապոլոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ 2Ըստ իր սովորության՝ Պողոսը մտավ նրանց մոտ ու երեք շաբաթ օրեր նրանց հետ խոսեց Սուրբ Գրքից։ 3Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Նրանցից ոմանք համոզվեցին ու հարեցին Պողոսին և Շիղային, ինչպես նաև աստվածապաշտ հեթանոսներ և թվով ոչ սակավ երևելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։ 6Եվ երբ նրանց չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի ավագների մոտ՝ բողոք բարձրացնելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա արեցին, այստեղ են հասել, 7և Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. ոմն Հիսուսի թագավոր են համարում»։ 8Եվ գրգռեցին ժողովրդին ու քաղաքի ավագներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից և ուրիշներից՝ արձակեցին նրանց։
Առաքյալները Բերիայում
10Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին, 11քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։ 12Նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք և տղամարդիկ։ 13Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծու խոսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմությունը հուզելու և գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծովեզր, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։ 15Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվեր ստանալով, որ շտապ Պողոսի մոտ գնան, իրենք վերադարձան։
Պողոսը Աթենքում
16Մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին զայրանում էր՝ քաղաքը կռապաշտության մեջ տեսնելով։ 17Ժողովարանում դիմում էր հրեաներին ու աստվածապաշտ հույներին, իսկ հրապարակներում ամեն օր, ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։ 19Եվ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջև ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ի՛նչ է քո քարոզած այդ նոր վարդապետությունը, 20քանզի օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ կարող են լինել։ 21Որովհետև բոլոր աթենացիները, ինչպես նաև օտար եկվորներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։
Պողոսի ճառը Արիսպագոսում
22Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի պաշտամունքասեր եք, 23քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Հետևաբար, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։ 24Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է Տերը երկնքի և երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, 25ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։ 26Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, 27որպեսզի փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ։ 28Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։ 29Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։ 30Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։ 31Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
32Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։ 33Ապա Պողոսը նրանց միջից ելավ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք