ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16

16
Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը
1Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի, 2որ վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրների կողմից։ 3Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։ 4Երբ անցնում էին քաղաքներով, նրանց հանձնարարում էին պահել Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների կողմից պատվիրված հրամանները։ 5Եկեղեցիներն ամրապնդվում էին հավատի մեջ ու օրեցօր նրանց թիվն ավելանում էր։
Առաքյալները կտրում-անցնում են Փոքր Ասիան
6Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։ 7Երբ Մյուսիայի սահմանները եկան, ցանկացան Բյութանիա գնալ, սակայն Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ 8Ուստի Մյուսիայի միջով անցնելով՝ Տրովադա իջան։ 9Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ 10Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց՝ նրանց ավետարանելու։
Լիդիայի դարձը
11Տրովադայից դուրս գալով՝ նավարկեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս՝ Նոր քաղաք. 12այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր#Հռոմեական քաղաքները բաժանվում էին երկու հիմնական խմբի՝ municipia «ազատ քաղաք» և colonia «գաղութ-քաղաք»։։ Այստեղ մնացինք մի քանի օր։ 13Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ 14Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։ 15Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
Պողոսի և Շիղայի բանտարկությունը Փիլիպպեում
16Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել. նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։ 17Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։ 18Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։ 19Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով՝ քաշ տվեցին դեպի հրապարակ՝ իշխանների առաջ։ 20Եվ նրանց բերելով զորագլուխների մոտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21և մեզ քարոզում են սովորույթներ, որոնք օրինավոր չեն մեզ համար ո՛չ ընդունել և ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմեացիներ ենք»։ 22Ամբոխը թափվեց նրանց վրա. զորագլուխները պատռել տվեցին նրանց զգեստները և հրամայեցին նրանց գանահարել։ 23Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ 24Նա, այսպիսի հրաման ստանալով, նրանց առանձին բանտախուց նետեց ու նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։
Առաքյալների ազատումը հրաշագործությամբ
25Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։ 26Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։ 27Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։ 28Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։ 29Բանտապետը լույս խնդրեց և ներս խուժելով՝ զարհուրած ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ. 30Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ 31Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը»։ 32Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ 33Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին։ 34Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ 35Հաջորդ օրը զորագլուխներն ուղարկեցին նվիրակներին՝ բանտապետին ասելով. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։ 37Իսկ Պողոսն ասաց նրանց. «Հրապարակավ գանահարեցին և բանտ դրեցին մեզ՝ հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելյա՞յն են դուրս հանում մեզ. ո՛չ, այդպես չի լինի. այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։ 38Նվիրակներն այս խոսքերը հաղորդեցին զորագլուխներին, որոնք, երբ լսեցին, թե հռոմեացիներ են, զարհուրեցին և եկան աղաչեցին նրանց։ 39Եվ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ հեռանան իրենց քաղաքից։ 40Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք