ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15
15
Երուսաղեմի առաքելական ժողովը
1Հրեաստանից ոմանք իջել էին Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։ 2Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։ 3Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։
4Երբ Երուսաղեմ հասան, եկեղեցու առաքյալների ու երեցների կողմից ընդունվեցին. պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց միջոցով։ 5Փարիսեցիների հերձվածից դարձած մի քանի հավատացյալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պետք է թլփատել և պատվիրել, որ պահեն Մովսեսի օրենքը»։
6Առաքյալներն ու երեցները հավաքվեցին՝ այս բանը քննության առնելու։ 7Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ առաջին օրերից Աստված ձեր միջից ինձ ընտրեց, որպեսզի հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեն ու հավատան։ 8Եվ սրտատես Աստված նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես տվեց մեզ։ 9Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով մաքրելով նրանց սրտերը։ 10Այժմ ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ կամենալով աշակերտների վզին դնել մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը, ո՛չ էլ մենք չկարողացանք տանել։ 11Բայց Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։
12Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։
13Նրանց լռելուց հետո Հակոբոսը, խոսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։ 14Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից իսկ հոգացել էր՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։ 15Եվ այդ բանում մարգարեների խոսքերը համընկնում են իրար, ինչպես որ գրված է.
16 “Այս ամենից հետո կվերադառնամ և կշինեմ Դավթի փուլ եկած տունը,
նրա ավերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն,
17 որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ,
ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը,-
և ասում է Տերը,
նա, որ անում է այս ամենը” (Ամս. 9.11-12)։
18Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։ 19Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղելու նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից. 21քանի որ Մովսեսը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի, և ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է»։
Առաքելական թուղթ
22Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։ 23Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։ 24Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։ 25Ուստի հաճելի թվաց մեզ՝ միատեղ հավաքվածներիս, ձեզ մոտ ուղարկել ընտրված մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պողոսի հետ, 26մարդիկ, որոնք իրենց անձը նվիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ 27Արդ, ուղարկեցինք Հուդային և Շիղային, որ նրանք էլ խոսքով նույնը հաստատեն։ 28Քանզի հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից, 29այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք։ Ո՛ղջ եղեք»։
Պատգամավորներ Անտիոքում
30Եվ նրանք, ճանապարհ ընկնելով, Անտիոք իջան ու ժողովրդին հավաքելով՝ նամակը նրանց հանձնեցին։ 31Ընթերցելով՝ նրանք ուրախացան մխիթարության համար։ 32Հուդան և Շիղան, քանի որ նրանք էլ մարգարեներ էին, բազում խոսքերով հորդորեցին եղբայրներին և ամրապնդեցին նրանց։ 33Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ 34Սակայն Շիղային հաճելի թվաց այնտեղ մնալը։ 35Իսկ Պողոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում և շատ ուրիշների հետ ուսուցանում ու ավետարանում էին Աստծու խոսքը։
Պողոսի և Բառնաբասի բաժանումը
36Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։ 37Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ հետը տանել, 38բայց Պողոսը կարծում էր, որ Պամփյուլիայում իրենցից հեռացած և գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։ 39Նրանց միջև անհամաձայնություն առաջացավ, այնքան, որ իրարից բաժանվեցին։ Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց դեպի Կիպրոս, 40իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից հանձնվելով Աստծու շնորհին։ 41Շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում և ամրացնում եկեղեցիները։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն