ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14

14
Քարոզչություն Իկոնիոնում
1Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը և նույն ձևով խոսում, այնպես որ թե՛ հրեաների և թե՛ հեթանոսների մի մեծ բազմություն հավատաց։ 2Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը ևս չարացրին եղբայրների դեմ։ 3Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։ 4Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։ 5Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորներով նրանց անարգելու և քարկոծելու դիմեցին, 6նրանց լուր տրվեց, և փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը 7և այնտեղ էին ավետարանում։
Ի ծնե կաղի բժշկումը Լյուստրայում
8Եվ Լյուստրայում մի մարդ կար նստած՝ ոտքից տկար, ի ծնե կաղ, որը երբևէ չէր քայլել։ 9Նա լսեց Պողոսի խոսքերը, որը, նրան նայելով և տեսնելով, որ հավատ ունի փրկվելու, 10բարձրաձայն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. ուղիղ կանգնի՛ր քո ոտքերի վրա»։ Նա վեր ցատկեց ու վազվզում էր։ 11Ժողովրդի բազմությունը, տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկայոներեն ասաց. «Մարդկանց կերպարանքով աստվածներ իջան մեզ մոտ»։ 12Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ նա էր խոսքն առաջնորդողը։ 13Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր և պսակներ հասցնելով դռան մոտ, կամենում էր նրանց զոհ մատուցել բազմության հետ։ 14Բայց Բառնաբաս և Պողոս առաքյալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին 15և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։ 16Նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ գնան իրենց ճանապարհներով։ 17Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։ 18Եվ այս ասելով՝ հազիվ հանդարտեցրին ժողովրդի բազմությունը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ յուրաքանչյուրը գնա իր տեղը։
19Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բառնաբասի հետ համարձակությամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով՝ քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ 20Եվ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացավ և քաղաք մտավ ու հաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։
Առաքելության վախճանը
21Այդ քաղաքում ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք՝ 22աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։ 23Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։ 24Այնուհետև Պիսիդիայով մեկ շրջելով՝ եկան Պամփյուլիա։ 25Պերգեում ևս Տիրոջ խոսքը քարոզելուց հետո իջան Ատտալիա։ 26Այնտեղից նավարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից հանձնված էին Աստծու շնորհներին իրենց կատարած գործի համար։ 27Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։ 28Եվ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք