Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2
2
Հրեաների աղոթքն օգնության համար
  1Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. 2«Տե՜ր, Տե՜ր, թագավո՛ր երկնքի, բոլոր արարածների Տե՜ր Աստված, սրբերի՛ սուրբ, Ամենազո՛ր, Ամենակա՛լ, տե՛ս մեր այս ցավերը, որ կրում ենք անօրեն ու պիղծ, հանդուգն ու գոռոզ մարդուց։ 3Դու ես ստեղծել ամեն ինչ, դու, որ ամեն ինչ ընդունում ես հեզությամբ ու արդարությամբ, արդար ես դու, Տե՜ր, բայց ովքեր գոռոզությամբ ու ամբարտավանությամբ են գործում, դատում ես նրանց։ 4Նախկինում դու, ջրասույզ անելով, բնաջնջեցիր անօրենություններ կատարող հսկաներին, որ ապավինում էին իրենց ուժին ու քաջությանը։ 5Դու ամբարտավան սոդոմացիներին իրենց բացահայտ չարիքների համար խայտառակեցիր, կրակի ու ծծմբի մատնեցիր նրանց, ծաղրուծանակի ենթարկեցիր հետագա սերունդների առաջ։ 6Դու զանազան պատուհասներով պատժեցիր հանդուգն ու բռնակալ արքային՝ փարավոնին, որը քո սուրբ ժողովրդին՝ Իսրայելին, ստրկության էր մատնել, ցույց տվեցիր քո զորությունը, նրան ցույց տվեցիր քո զորության մեծությունը, 7որովհետև սպառազինված, բազմաթիվ զորքով, մարտակառքերով ու ձիերով հետապնդում էր քո ժողովրդին, բայց դու նրան սուզեցիր Կարմիր ծովի մեջ, իսկ նրանց, ովքեր ապավինել էին քեզ՝ բոլոր արարածների վրա իշխանություն ունեցողիդ, անվնաս պահեցիր։ 8Նրանք երբ տեսան քո ձեռքի գործերը, օրհնեցին քեզ, Տե՜ր Ամենակալ։ 9Դու, Թագավո՛ր, որ ստեղծեցիր անչափելի ու անքննելի ողջ աշխարհը, քեզ համար ընտրեցիր այս քաղաքը և սրբագործեցիր այս վայրը քո անվան համար, թեև որևէ բանի կարիք չունես։ Դու սա կառուցեցիր ի փառս քո մեծության, ի պատիվ քո անվան։ 10Դու սիրեցիր այս տաճարը և խոստացար Իսրայելի տանը, որ ինչ էլ պատահի, ինչ դժվարություններ էլ լինեն, գանք այս սուրբ տեղը խնդրանքներով, և կլսես մեր աղոթքները։ 11Քո խոսքը վստահելի է ու ճշմարիտ, 12որովհետև բազմիցս, երբ մեր հայրերը նեղության մեջ են եղել, դու օգնել ես նրանց իրենց թշվառության մեջ և փրկել նրանց մեծամեծ չարիքներից։ 13Իսկ ահա մենք, սո՛ւրբ թագավոր, մեր մեծամեծ ու բազմաթիվ մեղքերի համար տանջվելով՝ մատնվել ենք մեր թշնամու ձեռքը և ուժասպառ ու հուսահատ դարձել։ 14Մեր թուլության ու նեղության այս օրերին պիղծ, գոռոզ ու ամբարտավան այդ մարդն ուզում է ներս մտնել և անպատվել սրբարանը՝ ողջ աշխարհում հայտնի քո փառավոր անվանը նվիրված տաճարը։ 15Թեև քո բնակավայրն աներևույթ ու մարդկանց ձեռքի համար անհասանելի երկինքների երկինքն է, 16բայց քանի որ հաճեցար քո փառքով Իսրայելին վայելչություն պարգևել, սրբագործեցիր այս վայրը։ 17Թեև հանցավոր ենք քո առաջ, բայց պիղծ հեթանոսների վրեժը մեզանից մի՛ լուծիր, որպեսզի անօրենները չպարծենան գոռոզամտությամբ և չցնծան իրենց ամբարտավան խոսքերով ու չասեն. 18“Մենք ոտնակոխ արեցինք սուրբ տաճարը, ինչպես ոտնատակ են տալիս մեհյանների հատակը”։ 19Ջնջի՛ր մեր մեղքերը, ների՛ր մեր բոլոր հանցանքները, այս պահին ցո՛ւյց տուր քո ողորմածությունը։ 20Անմիջապես մեզ թող հասնի քո ողորմությունը, օրհնությո՛ւն դիր մեր՝ կործանվողներիս ու չարչարվողներիս բերանում և խաղաղությո՛ւն պարգևիր մեզ»։
  21Ամենազոր, Ամենակալ Աստվածը, որ սուրբ է և բնակվում է սրբերի մեջ, լսեց ժողովրդի այս օրինավոր խնդրանքն ու աղոթքը և ամբարտավան, մեծ գոռոզությամբ նրանց վրա հանդգնորեն հոխորտացող այդ մարդուն պատժեց սաստիկ հարվածներով։ 22Շարժեց ու ցնցեց նրան, ինչպես եղեգն է տարուբերվում քամուց, ապա գետնին զարկեց նրան։ Նա այդպես ընկած էլ մնաց անզգա, թմրած, անմռունչ և բոլոր անդամները հոդերից խախտված, որովհետև գոռոզության պատճառով խիստ ու արագ դատաստանի ենթարկվեց։ 23Նրա բարեկամներն ու նրան շրջապատող սպասավորները, տեսնելով, որ դատաստանն այդպես շուտ հասավ նրա վրա, վախեցան, որ կմեռնի։ Անմիջապես ներսից դուրս հանեցին նրան՝ վախեցած սաստիկ հարվածներից։ 24Երբ բավական ժամանակ անցավ, այդ մարդը սթափվեց, բայց ոչ թե իր մտքում զղջաց այդ մեծ պատուհասից հետո, այլ սկսեց ավելի սաստիկ սպառնալ։
Նա հրամայեց վերադարձի ուղին բռնել։ 25Երբ եկավ հասավ Եգիպտոս, չարությունն ավելի բորբոքվեց իր ու սեղանակից ընկերների մեջ, որոնք հեռու էին բոլոր տեսակի օրենքներից։ 26Նա անթիվ չարագործություններ անելով ոչ միայն չհագեցավ, այլև այնպիսի հանդգնության հասավ, որ երկիրը հայհոյությամբ լցրեց։ Բարեկամներից շատերն էլ, նայելով թագավորին, նրա կամքին էին հետևում։
  27Նա նամակ գրեց ու հրամայեց, որ այն հրապարակեն քաղաքի փողոցներում։ Դա սադրանք էր ու հայհոյություն։ Նա հրամայեց իր պալատի շուրջը, աշտարակների վրա սյուներ կանգնեցնել՝ այսպիսի գրությամբ. 28«Եթե որևէ մեկը զոհ չի մատուցում, թող երբեք չհամարձակվի տաճար մտնել։ Ամբողջ հրեա ազգը հաշվառման թող ենթարկվի, և հարկատու դառնան իբրև ծառաներ։ Ով ապստամբելով մի փոքր դիմադրի, մահվան պիտի դատապարտվի։ 29Իսկ ում ողջ թողնեն, նրանց վրա կրակով Որմիզդ [Ο΄ Դիոնիսիոս] աստծու նշանը թող խարանեն և նրա տոնին ստիպեն պարել՝ ճյուղերից հյուսած պսակներ ձեռքներին»։ 30Բայց որպեսզի ինքը բոլորին թշնամի չերևա, հրամայեց, որ հրովարտակում սա ևս գրեն. «Եթե ոմանք համաձայնվեն ընդունել արքունի կրոնը, ապա նրանք թող համարվեն ալեքսանդրացիների համաքաղաքացիներ»։ 31Հրեաների միջից բազմաթիվ թեթևամիտներ, որ առաջ էլ անհաստատ էին նախնիների օրենքների մեջ, հեշտությամբ տեղի տվեցին. կարծում էին, թե մեծ փառքի կարժանան, եթե հնազանդվեն թագավորի ասածին։ 32Սակայն հրեաներից շատերը քաջասիրտ գտնվեցին և անդրդվելի էին իրենց սուրբ օրենքներից։ Նրանք իրենց ունեցած հարստությունը տվեցին իրենց կյանքը փրկելու համար՝ փորձելով հաստատապես ազատվել մարդահամարից։ 33Նրանք լիահույս էին, որ օգնություն կգտնեն։ Նրանք խորշում, գարշում էին իրենցից հեռացածներից և պիղծ համարում նրանց։ Ազգի թշնամի էին համարում նրանց և զրկում ընկերակցությունից ու փոխադարձ օգնությունից։
      Արդեն Ընտրված.
Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն