Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 2

2
Չարը
1Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, 2որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
3Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, 4հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
5Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս բաները։ 6Եվ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան զսպում, որ հայտնվի իր ժամանակին։ 7Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։ 8Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։ 9Անօրենի գալուստը տեղի է ունենալու սատանայի ներգործությամբ, ամեն տեսակ կարողությամբ, նշաններով, կեղծ հրաշքներով 10և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ նրանց համար, ովքեր կորստյան ճամփի վրա են, քանի որ չընդունեցին և չսիրեցին ճշմարտությունը, որպեսզի փրկվեն։ 11Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին, 12որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։
Աստված ընտրեց, որ փրկվենք
13Իսկ մենք պարտք ենք համարում շարունակ գոհություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որպեսզի փրկվենք Հոգու սրբացումով և ճշմարտության հանդեպ ունեցած հավատով, 14որին նաև ձեզ կանչեց մեր քարոզած Ավետարանի միջոցով, որպեսզի ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։
15Հետևաբար, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք ավանդությունները, որ սովորեցիք թե՛ մեր խոսքով և թե՛ մեր նամակով։ 16Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով, 17թող ձեր սրտերը մխիթարի և զորացնի ամեն բարի գործի և ամեն բարի խոսքի մեջ։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք