Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6

6
Հեթանոսական կրոնի արմատավորման փորձ
1Ոչ շատ ժամանակ անց թագավորն ուղարկեց մի աթենացի ծերունու, որ նա ստիպի հրեաներին անտեսել իրենց հայրերի օրենքներն ու այլևս չապրել Աստծու օրենքներով, 2որ պղծի Երուսաղեմի տաճարը և այնուհետև այն անվանի Օլիմպոսի Որմիզդի [Ο΄ Դիոս] անունով, Գարիզինում գտնվող տաճարը նույնպես անվանի որմզդական Վանատուրի [Ο΄ Դիոս] անունով, որին տեղի բնակիչները համարում էին օտարականների պահապան։
3Նրանք սաստիկ նեղություններ պատճառեցին։ 4Սուրբ տաճարը լցվեց հեթանոսական բարքերի պղծություններով. տղամարդիկ ու կանայք միմյանց խառնակվելով սրբարանի սրահներն էին արատավորում և համարձակորեն ներս տանում այն, ինչ անհարիր էր զոհաբերության համար։ 5Զոհասեղանն ամբողջությամբ լցրին օրենքով չթույլատրված ու մերժված զոհերով։ 6Ո՛չ շաբաթ օրերն էին կարողանում պահել, ո՛չ նախահայրերի տարեկան տոները նշել, ո՛չ իսկ համարձակվում էին իրենց հրեա անվանել։ 7Թագավորի ծննդյան օրվա ամսական տոնախմբության ժամանակ ստիպում էին զոհեր մատուցել, իսկ երբ հասնում էր բաքոսյան պաշտամունքի տոնը, ստիպում էին նրանց թավ ոստերից հյուսված պսակներով պարել Բաքոսի կուռքի մոտ։ 8Պտղոմեացիների դրդմամբ հրաման ուղարկվեց բոլոր մոտակա քաղաքները, որպեսզի հրեաների հանդեպ նույն ձևով վարվեն և նրանց ստիպեն զոհեր մատուցել կուռքերին, 9իսկ նրանց, ովքեր հրաժարվեն մատուցելուց, կոտորեն։ Պետք էր տեսնել, թե խեղճերն ինչպե՛ս էին տառապում։ 10Օրինակ՝ երկու կնոջ գրավոր ամբաստանել էին, թե թլփատել են իրենց որդիներին։ Շտապ բերեցին երեխաներին, կախեցին իրենց մայրերի ստինքներից և հրապարակներում նրանց խայտառակելով ման տալուց հետո պարիսպներից ներքև գլորեցին։ 11Ուրիշների էլ, որ գաղտնի փախել էին մոտակա քարանձավները, որպեսզի շաբաթ օրն այնտեղ անցկացնեն, երբ բռնեցին, ողջ-ողջ այրելով սպանեցին, որովհետև նրանք, երկյուղածություն ունենալով հանգստյան օրվա ու սրբության օրենքների նկատմամբ, չպաշտպանվեցին։
12Ես խնդրում եմ այս գիրքն ընթերցողներին, որ մեր ազգի նկատմամբ խղճահարություն չունենան, այլ իմանան, որ այս բոլոր աղետները ոչ թե մեր ազգի բնաջնջման, այլ խրատելու համար են եղել։ 13Մեծ բարերարության նշան է անօրեններին երկար ժամանակ անպատիժ չթողնելը, այլ անմիջապես պատժելը։ 14Որովհետև Աստված մյուս հեթանոս ազգերի նկատմամբ համբերատար է լինում և պատժում է նրանց, երբ նրանց մեղքերի չափը լցվում է, և նրանք հասնում են իրենց անխուսափելի դատաստանին։ 15Բայց մեզ հետ այդպես չի վարվում, որպեսզի չհասնենք անխուսափելի դատաստանին, 16այլ ստեպ-ստեպ է խրատում և արագ-արագ էլ ողորմում է։ 17Այս բանն ասում ենք ձեզ, որպեսզի հիշեք այս խոսքերը։ Արդ, դառնանք մեր պատմելիք նյութին։
Եղիազար ծերունու նահատակությունը
18Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դեմքով մի մարդ կար, որը օրենսգետների խմբի մեջ առաջիններից էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19Նա որոշեց համառել ու սրտապնդվել և գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակվել ընկերներից։ 20Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնվել, համարձակվեց թքել միսն ու անարգել նրանց պաշտամունքը, ինչպես վայել է համբերողներին բացեիբաց մերժել այն, ինչ խոտելի է։ 21Իսկ նրանք, ովքեր իրենց տկարամտության և անձնասիրության պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու, ծանոթ լինելով այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապույրներով նրան հետ կանգնեցնել իր հաստատ որոշումից։ «Ենթարկվի՛ր,- ասում էին,- թագավորի հրամանին. քեզ ուրիշ միս կտանք, 22որպեսզի կասկածները փարատես և մահից ազատվես»։ 23Նա, ինչպես վայել էր ծերունական իր հասակի վեհությանն ու պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած հրաշալի կրթությանը և հատկապես ըստ աստվածադիր սուրբ օրենքների, վեհ որոշում առավ և ըստ պատշաճի անմիջապես պատասխան տալով՝ ասաց. 24«Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ իմ այս տարիքում կեղծավորություն խառնեմ հավատքիս։ Շատ երիտասարդներ կարող են տեսնել ու մտածել, թե Եղիազարն իննսուն տարեկան հասակում, արդեն մահվան դուռը հասած լինելով, դավանափոխ եղավ։ 25Նրանք իմ կեղծավորության պատճառով կգայթակղվեն, և ես կարատավորեմ իմ ծերությունն ու վատ անուն կթողնեմ աշխարհում։ 26Եթե անգամ ինձ նույնքան կյանք շնորհեն, և ես այլևս մարդկանց ձեռքը չընկնեմ, չեմ կարող խուսափել Ամենակալի ձեռքից թե՛ կենդանությանս օրոք, թե՛ մեռնելուց հետո։ 27Դրա համար էլ քաջությամբ կհեռանամ այս աշխարհից, որպեսզի արժանի լինեմ իմ ծերությանը և 28երիտասարդներին բարության ու առաքինության օրինակ թողնեմ, որպեսզի նրանք էլ հոժար կամքով ու քաջությամբ կյանքի գնով ջանան պաշտպանել սուրբ օրենքները»։
Երբ այս խոսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29Նրանք, ովքեր մի փոքր առաջ նրա շուրջը հավաքված կարեկցում էին նրան, սկսեցին իրենց կարեկցանքը թշնամանքի փոխել և նրա իմաստուն խորհուրդները մոլորություն համարելով՝ աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30Երբ կտտանքներ կրելով նա մոտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց բերանը և ասաց. «Տիրոջը՝ բոլոր խորհուրդներն իմացողին, հայտնի է, որ թեև կարող էի այս տաժանելի մահվանից ազատվել, սակայն մարմնով այս խիստ տանջանքներն եմ կրում, բայց հոգով դրանք հաճույքով եմ ընդունում Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղի պատճառով»։
31Եվ նա, այսպես մաքառելով, հեռացավ աշխարհից։

Արդեն Ընտրված.

Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք