Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 10

10
Պողոսը՝ պաշտպան իր առաքելական հեղինակության
1Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։ 2Աղաչում եմ, մի՛ ստիպեք, որ երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն գտնվեմ նրանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային շարժառիթներով ենք առաջնորդվում։ 3Ճիշտ է, ապրում ենք մարմնի մեջ, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պատերազմում ենք. 4քանի որ պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են՝ քանդելու ամրությունները։ 5Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։ 6Եվ պատրաստ ենք պատժելու որևէ անհնազանդություն, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ 7Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։ 8Որովհետև, եթե նույնիսկ ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որը Տերը տվեց մեզ՝ ձեզ ամրապնդելու և ոչ թե ձեզ կործանելու համար, ամաչելու բան չունեմ։ 9Սա ասում եմ, որ չթվա, թե ձեզ փորձում եմ իմ նամակներով սարսափեցնել։ 10Ոմանք ասել են. «Նրա նամակները խիստ են ու ազդեցիկ, իսկ մարմնի տեսքը տկար է, խոսքը՝ արհամարհելի»։ 11Այսպես ասողը թող իմանա, թե ինչպիսին որ նամակների մեջ գրված մեր խոսքով ենք հեռվից, նույնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։
12Մենք չենք համարձակվում մեզ համեմատել և հավասարեցնել նրանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում, բայց չեն հասկանում, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով են համեմատում իրենց անձերը։ 13Իսկ մենք չենք պարծենում չափից դուրս, այլ ըստ չափի այն կանոնի, որ Աստված մեզ հատկացրել է՝ հասնելու մինչև ձեզ։ 14Մենք մեր սահմանից այն կողմ չէինք անցել, երբ հասանք ձեզ, քանի որ Քրիստոսի Ավետարանով հասանք ձեզ մոտ։ 15Եվ սահմանված չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատը կաճի, և մեր աշխատանքն ավելի կմեծանա ձեզ մոտ՝ մեզ տրված սահմաների մեջ, 16այնպես որ կարող ենք ավետարանել նաև ձեզնից այն կողմ՝ առանց պարծենալու ուրիշի սահմաններում կատարված գործերով։ 17«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» (Երմ. 9.24). 18քանի որ ընտրյալը նա չէ, որ ինքն իրեն է գովաբանում, այլ նա, որին Տերն է գովում։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք