Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 6
6
Ծառաների մասին
1Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը հայհոյության առարկա չդառնան։ 2Իսկ նրանք, ովքեր հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն նրանց այն պատճառաբանությամբ, որ եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայությունից, հավատացյալներ են և սիրելի։
Սուտ վարդապետներ
Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։ 3Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և աստվածապաշտության վրա հիմնված վարդապետությանը, 4այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն 5մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։
6Սակայն ստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է սեփական վիճակից գոհացողի համար։ 7Որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ չպիտի կարողանանք տանել։ 8Ունենք ուտելիք ու հագնելիք և դրանցով բավարարվենք։ 9Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ, 10որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Անձնական հանձնարարություններ
11Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։ 12Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ։ 13Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը, 14որ դու անբիծ, անարատ պահես պատվիրանը, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ 15Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, 16որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
Հորդոր հարուստներին
17Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։ 18Պատվիրի՛ր, որ բարիք գործեն, լավ գործերով հարստանան, լինեն առատաձեռն, բարեսեր, պատրաստ՝ իրենց ունեցածից ուրիշին բաժին հանելու։ 19Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։
20Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից, 21որը յուրացնելով՝ ոմանք շեղվեցին հավատից։ Շնո՜րհը քեզ հետ թող լինի։
Արդեն Ընտրված.
Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն