Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 8
8
Հուդան դաշինք է կնքում հռոմեացիների հետ
1Հուդան լսեց հռոմեացիների համբավի մասին, թե նրանք հզոր են իրենց ուժով, սիրով են ընդունում բոլոր իրենց հարողներին, դաշնակից են լինում նրանց, ովքեր դիմում են իրենց, և թե խիստ զորացել են երկրի վրա։ 2Նրան պատմեցին նաև նրանց պատերազմների մասին, որ իրենց քաջությամբ գրավել են գաղատացիների կողմերը, ընկճել նրանց ու հարկատու դարձրել, 3նաև այն, թե ինչ են արել իսպանացիների կողմերում՝ նրանցից գրավելու համար այնտեղի ոսկու և արծաթի հանքերը։ 4Եվ թե ինչպես են այդ ամբողջ տարածքը գրավել իրենց խելամտությամբ ու իրենց համբերատարությամբ, թեև այդ վայրը խիստ հեռու էր իրենցից։ Լսեց նաև, որ երկրի հեռավոր ծայրերից նրանց վրա հարձակվելու եկած թագավորներից մի քանիսին կոտորել են, մեծ ջարդ տվել նրանց, իսկ մնացածներին ամենամյա հարկի տակ դրել։ 5Նրանք Փիլիպպոսին, կիտեացիների արքային ու իրենց վրա հարձակվածներին ջախջախել են պատերազմում ու հաղթել նրանց։ 6Նրանցից պարտություն է կրել նաև Ասիայի արքան՝ Անտիոքոս Մեծը, որ նրանց դեմ պատերազմի էր եկել՝ իր հետ ունենալով հարյուր քսան փիղ, բազմաթիվ կառքեր ու երիվարներ։ 7Նրան կենդանի են բռնել և սահմանել, որ ինքը և իրենից հետո եկող թագավորները հարկ վճարեն, պատանդներ տան 8ու իրենց ընտիր գավառներից որպես փրկագին հանձնեն իոնացիների, միսիացիների ու լիդիացիների երկրները, որոնք առել և հանձնել են Եվմենես արքային#Փոքր Ասիայի ափերին գտնվող Պերգամոսի թագավորության արքա։։ 9Լսեցին նաև, որ հույները որոշել են գալ, կոտորել նրանց, 10բայց երբ նրանք տեղեկացել են այդ մասին, ուղարկել են իրենց զորավարներից մեկին, որը եկել ու ահեղ ճակատամարտում կոտորել է նրանց, բազմաթիվ մարդկանց սրախողխող արել, գերեվարել նրանց կանանց ու որդիներին, ավար առել նրանց կայքն ու ունեցվածքը, ստրկացրել երկիրը, քանդել բերդերը և երկիրը հարկատու դարձրել մինչև օրս։ 11Նրանք նաև կոտորել են և ստրկացրել խռովություն բարձրացրած մյուս թագավորություններն ու կղզիները։ Բայց իրենց բարեկամների և իրենց ապավինողների հետ անդավաճան բարեկամություն են պահում։ 12Նրանք տիրել են մոտիկ ու հեռավոր բոլոր թագավորություններին, և ովքեր մի անգամ լսել են նրանց անունը, վախեցել են նրանցից։ 13Ում ուզել են, թագավորություն են տվել, ում ուզել են, զրկել են իշխանությունից։ Նրանք խիստ հզորացել են։ 14Հակառակ այս ամենին, նրանցից ոչ ոք հանձն չի առել ի նշան իշխանության՝ թագ կրել կամ ծիրանի հագնել։ 15Նրանք խորհրդարան են շինել, և ամեն օր երեք հարյուր քսան մարդ խորհրդի է նստում՝ հոգալու ժողովրդի մասին, որպեսզի երկիրը շեն պահեն։ 16Ամեն տարի նրանք վստահում են մի մարդու, որ իշխի իրենց վրա և կառավարի իրենց ողջ երկիրը։ Բոլորը հնազանդությամբ լսում են այդ մեկին, և նրանք միմյանց նկատմամբ ոխ կամ նախանձ չունեն։
17Այն ժամանակ Հուդան ընտրեց Ակկոսի որդի Հովնաթանի որդի Եվպոլեմոսին և Եղիազարի որդի Յասոնին, և նրանց ուղարկեց Հռոմ քաղաքը, որպեսզի նրանցից հաշտություն և օգնություն խնդրեն, 18որ իրենց վրայից վերացնեն ստրկության լուծը, քանի որ ծանրացել էր հույների լուծը իսրայելացիների վրա։ 19Նրանք գնացին հռոմեացիների կողմերը։ Ճանապարհը երկար էր։ Բանագնացները եկան հասան ու նրանց հանդիպեցին խորհրդարանում։ Նրանք կանգնեցին մեջտեղում ու հայտնեցին իրենց բերած պատգամը. 20«Հուդա Մակաբեն, իր եղբայրներն ու Հուդայի երկրի բոլոր սեպուհները ուղարկել են մեզ, որ ձեզ հետ հաշտության մասին խոսենք, ձեզ մեր դաշնակիցը դարձնենք և ձեզանից խաղաղություն խնդրենք, որ դուք էլ մեզ ձեր զինակիցն ու բարեկամը համարեք»։ 21Այս խոսքերը նրանց հաճելի թվացին։ 22Ահա այս է այն հրովարտակի պատճենը, որ նրանք գրեցին նրանց պղնձե տախտակների վրա և ուղարկեցին Երուսաղեմ, որպեսզի այն նրանց մոտ մնա իբրև զորակցության ու խաղաղության վկայագիր.
23«Խաղաղություն և բարիք թող լինի Հուդայի երկրին ու հռոմեացիներին թե՛ ծովում և թե՛ ցամաքում, և թող սուրն ու թշնամին հեռու լինեն նրանցից։ 24Եթե առաջինը պատերազմ լինի հռոմեացիների կամ նրա դաշնակիցներից որևէ մեկի դեմ նրանց տիրապետության ողջ տարածքում, 25ապա անմիջապես ամբողջ սրտով նրանց օգնության պիտի հասնեն հրեական գնդերը, ինչպես որ ժամանակը ցույց կտա։ 26Նրանք թշնամուն ոչինչ չպետք է տան, նրանց չպետք է օգնեն արծաթով, ոսկով, զենքով կամ նավերով, որովհետև հռոմեացիներն այդպես են որոշել։ Այս պարտավորությունները նրանք պետք է կատարեն առանց հատուցում պահանջելու։ 27Նույն ձևով, եթե հրեաների դեմ պատերազմ լինի, հռոմեացիները պետք է ի սրտե շտապ օգնության հասնեն, ինչպես որ ժամանակը նրանց ցույց կտա։ 28Նրանք էլ թշնամուն չպետք է ոսկի, արծաթ, զենք կամ նավեր տան, որովհետև հռոմեացիներն այդպես են որոշել։ Այս պայմանները նրանք պետք է պահեն առանց նենգության։ 29Ահա ըստ այս պայմանների հռոմեացիները դաշինք կնքեցին հրեաների գնդի հետ։ 30Իսկ եթե այս պայմաններից հետո այս կամ այն կողմը որևէ բան ուզենա հանել կամ ավելացնել, ապա դա թող անեն ըստ անհրաժեշտության՝ երկու կողմերի համաձայնությամբ և պահեն անխախտ։
31Ինչ վերաբերում է այն չարագործություններին, որ Դեմետրիոս արքան կատարում է նրանց նկատմամբ, կգրենք նրան. “Ասա՛, ինչո՞ւ եք ծանր լուծ դնում մեր նիզակակից բարեկամների պարանոցին։ 32Իմացե՛ք, որ եթե նրանք բողոքեն քեզնից, արդար դատաստան կտեսնենք, քո դեմ կռվի կելնենք, ծովում լինի, թե ցամաքում”»։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն