Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6
6
Անտիոքոս Դ-ի մահը
1Անտիոքոս կայսրը գնում էր վերին գավառները, երբ տեղեկացավ, որ Պարսից աշխարհում Ելիմայիս անունով մի քաղաք կա, հռչակավոր մի քաղաք՝ լի ոսկով ու արծաթով, 2որտեղ գտնվող մեհյանը չափազանց հարուստ է. այնտեղ կան ոսկեձույլ մեծամեծ կուռքեր, բազում զենքեր, զրահներ ու վահաններ, որոնք թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագավորել էր Հունաստանի վրա։ 3Նա եկավ հասավ այդ քաղաքը և ուզում էր գրավել այն՝ կողոպտելու համար։ Երբ քաղաքացիները դա իմացան, 4պատրաստվեցին ճակատամարտ տալու և թույլ չտվեցին, որ նա քաղաք մտնի։ Ալեքսանդրը վախեցավ ու արևելյան կողմերից շարժվեց գնաց բաբելացիների երկիրը։
5Հարավային կողմերից Անտիոքոս կայսեր մոտ գուժկան եկավ ու հայտնեց, որ Հուդայի երկրի վրա հարձակված զորքը պարտվել է, 6որ առաջինը Լյուսիասն է բազմաթիվ զինվորներով հարձակվել, բայց փախուստի է դիմել նրանց առջև, որ նրանք հզորացել են զենքերով, զորքերով, շատ ավար են վերցրել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցվածքը բռնագրավել, 7մեհյաններն ավերել, Երուսաղեմում զոհասեղանի վրա շինված կուռքը կործանել, սրբավայրը առաջվա պես շրջապատել բարձր պարիսպներով, դրա հետ նաև Բեթսուր քաղաքը։
8Երբ թագավորը լսեց այս խոսքերը, ապշեց, շվարեց ու սաստիկ ցնցվեց, անկողին ընկավ ու հիվանդացավ, քանի որ չէր կատարվել իր հրամանը։ 9Այնտեղ նա մնաց բազմաթիվ օրեր, որովհետև նրա սուր տագնապները կրկնվում էին. նա հասկացավ, որ մեռնում է։ 10Նա կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրվել է աչքերիցս, մտահոգություններից սրտաբեկ եմ լինում։ 11Ինքս ինձ ասացի. “Ինչպիսի նեղությունների հասա ու ինչպիսի մեծ տվայտանքների մեջ եմ այժմ։ Կար ժամանակ, որ իմ զորքի համար քաղցր էի, բարերար ու սիրելի”։ 12Հիմա հիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղեմում. բռնագրավեցի ոսկե ու արծաթե բոլոր սպասքները, իզուր զորք ուղարկեցի նրանց վրա, որ բնաջնջեմ նրանց։ 13Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրա այս բոլոր չարիքները, և ահա ես տրտմության մեջ կորչում եմ օտար երկրում»։
14Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մեկին, նրան իր ամբողջ թագավորության վերակացու նշանակեց. 15նրան հանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, որպեսզի սնի ու դաստիարակի իր որդի Անտիոքոսին և իր փոխարեն նրան գահին նստեցնի։ 16Անտիոքոս արքան մեռավ այնտեղ 149 թվականին։ 17Լյուսիասը, իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին և նրան կոչեց Եվպատոր Անտիոքոս։
Երուսաղեմի միջնաբերդի պաշարումը
18Երուսաղեմի միջնաբերդում բնակվող թշնամիները նեղում էին սրբարանի շուրջը հասատատված իսրայելացիներին, անընդհատ չարիքներ էին նյութում և աջակցում հեթանոսներին։ 19Ուստի Հուդան որոշեց բնաջնջել նրանց և հավաքեց բոլոր զորքերը, որոնք եկան և շրջապատեցին նրանց։ 20Նրանք մի տեղ հավաքվեցին և պաշարեցին միջնաբերդը 150 թվականին. շինեցին բազմաթիվ պատվարներ, պաշարման աշտարակներ ու այլ մեքենաներ։ 21Պաշարվածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից։ Նրանց միացան նաև մի քանի անօրեն իսրայելացիներ. 22միասին գնացին արքայի մոտ ու ասացին. «Մինչև ե՞րբ դատաստան չես անելու և մեր եղբայրների վրեժը չես լուծելու։ 23Մենք հաճույքով ենք ծառայել քո հորը և կատարել նրա հրամանները։ 24Դրա համար էլ մեր ժողովրդի որդիների համար թշնամիներ դարձանք, և այժմ շրջապատել են մեզ և մեզնից ում գտնում են, սպանում են և հափշտակում մեր ունեցվածքը։ Բացի այդ, մեզնից ում գտնում էին, սպանում էին և հափշտակում մեր ունեցվածքը։ 25Նրանք ոչ միայն մեզ վրա ձեռք բարձրացրին, այլև իրենց բոլոր սահմաններում բնակվողների վրա։ 26Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել և շրջապատված են պահում Երուսաղեմի միջնաբերդը, որպեսզի գրավեն այն։ Նրանք նաև ամրացրել են սրբարանն ու Բեթսուրը։ 27Եթե չշտապեք, սրանից ավելի վատ գործեր կանեն, և դուք այլևս առաջն առնել չեք կարողանա»։
Բեթզաքարիայի ճակատամարտը
28Երբ թագավորն այդ լսեց, խիստ բարկացավ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զորքի վրա նշանակված զորապետներին։ 29Այլ թագավորություններից և նույնիսկ կղզիներից բազմաթիվ վարձկան զինվորներ եկան նրա մոտ։ 30Նրա զորքերի թիվն էր՝ հարյուր հազար վահանակիր ու նիզակավոր հետևակ, քսան հազար սպառազեն հեծյալ, երեսուներկու վարժված մարտական փիղ։ 31Նրանք եկան, անցան Իդումեայի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսուր քաղաքը և բազում օրեր պատերազմեցին դրա շուրջը և բոլոր կողմերում ռազմական սարքեր պատրաստեցին։ Բայց պաշարվածները դուրս եկան քաղաքից, այրեցին սարքերը և քաջաբար կռվեցին նրանց դեմ։ 32Հուդան միջնաբերդից մեկնեց և եկավ, բանակ դրեց Բեթզաքարիայում՝ թագավորի բանակի դեմ հանդիման։ 33Թագավորն առավոտյան կանուխ վեր կացավ, բանակը տարավ տեղավորեց Բեթզաքարիայի ճանապարհի երկարությամբ և զորքերը դասավորելով՝ պատրաստվեց ճակատամարտ տալու։ Փող փչեցին, 34փղերին պատերազմի պատրաստելու համար խաղողի հյութ, զմուռս ու գինի խմեցրին, 35բաժանեցին գնդերի միջև, ամեն մի փղի մոտ դրեցին հազար սպառազեն զինվոր՝ հագած շղթայագործ զրահներ և գլուխներին պղնձե սաղավարտներ. յուրաքանչյուր գազանի հետ նշանակվեց նաև հինգ հարյուր ընտիր հեծյալ։ 36Որտեղ փղերը կանգնում էին, նրանք էլ էին կանգնում, և ուր գնում էին փղերը, նրանք էլ էին գնում։ 37Փղերի վրա հատուկ հարմարանքներով ամրացրին վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին դրանց գլուխներին, 38իսկ մնացած այրուձին տեղավորեցին գնդի աջ ու ձախ թևերին։
39Երբ արեգակը շողարձակեց ոսկյա և պղնձյա վահանների վրա, լեռները փայլատակեցին դրանց շողքից և ցոլարձակեցին վառվող ջահերի պես։ 40Թագավորի բանակի մի մասը տարածվել էր բարձր լեռների վրա, մի մասը՝ ձորերի ու կիրճերի, իսկ մյուս մասն էլ՝ դաշտերի վրա, և վստահ ու դասավորված առաջ էին շարժվում։ 41Բոլոր նրանք, ովքեր լսում էին բազմության աղաղակները, զենքերի շաչյունը, ձիերի վրնջյունն ու սպառազեն վահանակիրների ոտքերի դոփյունը, սարսռում էին։
42Հուդան եկավ հասավ իր բանակով, դասավորեց գնդերը, պատրաստվեց, հարձակվեց, դեմ հանդիման բախվեց թագավորի բանակին և նույն տեղում՝ թագավորի աչքի առաջ, վեց հարյուր սպառազեն հեծյալների դիաթավալ արեց։ 43Այդ տեղում Եղիազար Ավարանը, աչքերը վեր բարձրացնելով, տեսավ, որ փղերից մեկն արքայական զենք ու զրահով է զինված և տարբերվում է մյուսներից։ Կարծելով, թե արքան հենց դրա վրա է, 44հարձակվեց այդ գնդի վրա, 45աջ ու ձախ կոտորեց, գնաց հասավ մինչև տարբերանշաններ ունեցող փղին, զենքը քաշեց, 46մտավ փղի տակ, հարվածեց ու տապալեց նրան։ Փիղը տապալվեց, ընկավ նրա վրա ու ճզմեց նրան։
47Երբ հրեաները տեսան թագավորի բանակի ուժը, խույս տվեցին նրանցից, 48սակայն ուր էլ գնում էին, նրանց դեմ էին ելնում արքունի գնդերը, մինչև որ եկան հասան Երուսաղեմի կողմերը։
Սիոն լեռան պաշարումը և Բեթսուրի գրավումը
Արքան եկավ, բանակ դրեց Հուդայի երկրի ու Սիոն լեռան մոտ։ 49Նա խաղաղություն առաջարկեց Բեթսուր քաղաքին։ Նրանք ելան և ցրվեցին այդ քաղաքից, որովհետև այնտեղ պաշար չունեին երկար ժամանակ շրջափակված լինելու պատճառով։ Բացի այդ, երկրում հանգստյան տարի էր։ 50Թագավորը գրավեց Բեթսուր քաղաքը և հրամայեց քաղաքում պահապան զորք թողնել, 51իսկ ինքը երկար ժամանակ պաշարված պահեց սուրբ քաղաքը։ Նրա շուրջը կանգնեցրին պաշարման աշտարակներ ու մարտական սարքեր, կրակ ու քարանետ հարմարանքներ, բաբաններ, նետաձգության աշտարակներ ու պարսատիկավորների աշտարակներ։ 52Պաշարվածներն էլ իրենց հերթին քաղաքում սկսեցին նրանց ամեն մի հարմարանքի դիմաց մի հարմարանք պատրաստել և կռվեցին շատ օրեր։ 53Սակայն մթերք չկար ամբարներում, որովհետև հանգստյան տարի էր, և երկրի գաղթականներն էլ սպառել էին ամբարված մթերքները։ 54Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ՝ սրբավայրում, որովհետև սովը գնալով սաստկանում էր, և ամեն ոք ցրվել էր իր տեղը։
Անտիոքոս Ե արքան կրոնական ազատություն է տալիս հրեաներին
55Լյուսիասը լսեց, որ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքը հրամայել էր սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպեսզի նրան գահ բարձրացնի, 56վերադարձել է Պարսկաստանից ու պարթևների երկրից, և որ ամբողջ զորքը նրան է հարել, և որ կամենում է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը։ 57Ուստի նա եկավ և ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զորքերը միշտ նեղության մեջ են, մթերքը նվազել է, կերակուրը՝ պակասել։ Այն վայրը, որի համար պատերազմ է մղվում, ամուր է ու անառիկ, իսկ թագավորության խնդիրները նեղ կացության մեջ են մեզ դրել։ 58Արդ, եկեք հաշտություն առաջարկենք, դաշինք կնքենք և խաղաղություն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ։ 59Նրանց հետ համաձայնության գանք, որ առաջվա պես ապրեն իրենց օրենքների համաձայն։ Որովհետև իրենց օրենքները վերացնելու պատճառով նրանք բարկացան մեզ վրա, ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»։
60Թագավորին ու նրա իշխաններին խոհեմ թվացին այս խոսքերը։ Նա բանագնացներ ուղարկեց՝ խաղաղություն առաջարկելու։ Հրեաներն ընդունեցին այդ։ 61Թագավորն ու զորապետները երդումով հաստատեցին իրենց խոսքը, որից հետո նրանք դուրս եկան ամրոցից։ 62Բայց երբ թագավորը մտավ Սիոն լեռը և տեսավ այդ վայրի ամրությունը, դրժեց իր տված երդումը և հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները։ 63Ապա շտապ գնաց Անտիոքի կողմերը և տեսավ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին։ Նա ճակատամարտ տվեց նրա դեմ և բռնությամբ գրավեց քաղաքը։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն