Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով կոչված Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու, և Սոսթենես եղբայրը, 2Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը, 3շնո՜րհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն Աստծուն
4Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով, 5որովհետև դուք նրա միջոցով հարստացաք ամեն ինչով՝ թե՛ խոսքի առատությամբ, թե՛ գիտությամբ։ 6Քրիստոսի մասին վկայությունն այնպես ամրորեն հաստատվեց ձեր մեջ, 7որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ 8Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ 9Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
Բաժանումներ Կորնթոսի եկեղեցու մեջ
10Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։ 11Եղբայրնե՛ր, քղվեացիներից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, որ հակառակություններ կան ձեր մեջ։ 12Նկատի ունեմ այն, որ ձեզնից յուրաքանչյուրն ասում է. «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», մեկ ուրիշը՝ «Ես կեփասյան», մեկ այլն էլ՝ «Ես քրիստոսյան եմ»։ 13Իսկ մի՞թե Քրիստոսը բաժանված է, մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ 14Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, 15որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ 16Մկրտեցի նաև Ստեփանասի ընտանիքը։ Չգիտեմ ամենևին, թե ուրիշ մեկի մկրտած լինեմ. 17քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։
Քրիստոսը՝ Աստծու զորությունը և իմաստությունը
18Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։ 19Քանի որ գրված է.
«Անհետացնելու եմ իմաստունների իմաստությունը
և անտեսելու խելացիների խելքը» (Ես. 29.14)։
20Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, 21քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։ 22Եվ մինչ հրեաները հրաշք են ուզում, իսկ հեթանոսներն իմաստություն են փնտրում, 23մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար, 24բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է. 25որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է մարդկանցից, և Աստծու տկարն ավելի զորեղ է մարդկանցից։ 26Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ, 27բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին, 28Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին. 29որպեսզի ոչ մի էակ չպարծենա Աստծու առաջ։ 30Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն, 31որպեսզի, ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա» (Երմ. 9.24)։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն