ՍՈՓՈՆԻԱ 1

1
1Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։
Տիրոջ դատաստանի օրը
2«Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը։- 3Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։ 4«Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ. 5և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և Մեղքումով երդում անողներին 6և Տիրոջը հետևելուց ընկրկածներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։
7Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։ 8Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։ 9Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։ 10«Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։ 11Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։
12Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. “Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք”։ 13Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։ 14Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։ 15Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր. 16շեփորի ու մարտակոչի օր պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ։ 17Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։ 18Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։

Արդեն Ընտրված.

ՍՈՓՈՆԻԱ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք