ԶԱՔԱՐԻԱ 1:7-21

ԶԱՔԱՐԻԱ 1:7-21 ՆՎԱԱ

Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսի քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով. «Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։ Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։ Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։ Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։ Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։ Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Հայտարարի՛ր. այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ։ Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։ Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։ Նորի՛ց հայտարարիր՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Իմ քաղաքները դարձյալ պիտի հորդեն բարիքներով, և Տերը կրկին պիտի մխիթարի Սիոնին և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին”»։ Ես աչքերս բարձրացրի և տեսա, և ահա չորս եղջյուրներ։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։ Ապա Տերն ինձ չորս արհեստավորի ցույց տվեց։ Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։