Հռոմեացիներին 9:19-33

Հռոմեացիներին 9:19-33 ՆՎԱԱ

Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։ Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։ Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել, նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների, ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ, և որ ինձ սիրելի չէր, սիրելի ։ Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝ "Դուք իմ ժողովուրդը չեք", այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն »։ Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի, որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա» ։ Ինչպես որ Եսային կանխասաց. «Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ, մենք Սոդոմի պես կլինեինք ու Գոմորին կնմանվեինք» ։ Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։ Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերով էին ուզում հասնել։ Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին, ինչպես գրված է. « Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության, և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» ։