Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։ Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» ։ Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։ Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։ Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում.
«Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին,
և որոնց մեղքերը ծածկվեցին։
Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի» ։
Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։ Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։ Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։ Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։