Հռոմեացիներին 11:1-10

Հռոմեացիներին 11:1-10 ՆՎԱԱ

Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում. «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» ։ Իսկ Աստծու պատասխանը նրան ի՞նչ է ասում. «Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին» ։ Նույն կերպ էլ ներկայումս մարդկանց մի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։ Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան, ինչպես որ գրված է. «Աստված նրանց թմրության հոգի տվեց, աչքեր, որոնցով չեն տեսնելու, ու ականջներ, որոնցով չեն լսելու մինչև այսօր» ։ Դավիթն էլ ասում է. «Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար, խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։ Նրանց աչքերը թող խավարեն, որպեսզի չտեսնեն, ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր» ։