Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռ կար, և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։ Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։ Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։ Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։ Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։
Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։ Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր։ Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով.
«Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ,
Ամենակա՛լ Տեր Աստված,
որ էր և որ է և որ գալու է»։
Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.
«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր,
որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը,
որովհետև դու ամեն բան ստեղծեցիր,
ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։