Հայտնություն 2:12-29

Հայտնություն 2:12-29 ՆՎԱԱ

«Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի. "Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։ Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։ Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։ Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից"»։ «Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Աստծու Որդին, որն ունի կրակի բոցի պես աչքեր և շիկացած պղնձի նման ոտքեր. "Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործերն ավելի են, քան առաջինները։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն "մարգարեուհի" է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։ Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ հոգիներն ու սրտերը քննողը։ Եվ յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։ Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիատիրայում եք և այս վարդապետությանը չեք հետևում և, ինչպես ասում են, չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնի, այլ ինչ ունեք, պահե՛ք, մինչև որ ես գամ։ Հաղթողին ու իմ գործերը մինչև վերջ պահողին ազգերի վրա իշխանություն պիտի տամ։ Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես, ինչպես ես իշխանություն ստացա իմ Հորից, նրան կտամ նաև առավոտյան աստղը։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։