Հայտնություն 2:1-11

Հայտնություն 2:1-11 ՆՎԱԱ

«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, ով յոթ աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե ճրագակալների միջև. "Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։ Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։ Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է"»։ «Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ. "Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։ Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի"»։