Հայտնություն 19

19
Հաղթական երգեր
1Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր.
«Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,
2որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են,
որովհետև նա դատեց մեծ պոռնիկին,
որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ
և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։
3Եվ երկրորդ անգամ ասացին.
«Ալելո՛ւիա»։
Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։
4Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին.
«Ամե՛ն, ալելո՛ւիա»։
Գառան հարսանիքի ընթրիքը
5Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով.
«Օրհնեցե՛ք մեր Աստծուն,
նրա բոլոր ծառանե՛ր
ու նրանից երկյուղողնե՛ր,
փոքրե՛ր ու մեծե՛ր»։
6Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր.
«Ալելո՛ւիա,
որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։
7Ուրախանանք և ցնծանք
ու փառք տանք նրան,
որովհետև Գառան հարսանիքը հասավ,
և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։
8Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ»,
որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։
9Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։ 10Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։
Սպիտակ ձիավորը
11Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ 12Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ 13Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ 14Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ 15Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։ 16Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։
17Տեսա մի ուրիշ հրեշտակի, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա բարձրաձայն աղաղակեց՝ ասելով երկնքում թռչող բոլոր թռչուններին. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, 18որպեսզի ուտեք մարմինները թագավորների, հազարապետների, հզորների, ձիերի ու նրանց վրա նստողների, և բոլորի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի»։ 19Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։ 20Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։ 21Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր ելնում։ Եվ բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան։

Արդեն Ընտրված.

Հայտնություն 19: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում