ՍԱՂՄՈՍՆԵՐ 83

83
Աղոթք թշնամիների պարտության համար
Երգ. Ասափի սաղմոս։
1Լուռ մի՛ մնա, ո՜վ Աստված, անձայն մի՛ եղիր և դադար մի՛ առ, ո՜վ Աստված։
2Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։
3Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ.
4Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։
5Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ
6Եդովմի բնակարանները և իսմայելացիները, Մովաբը և հագարացիները,
7Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։
8Ասուրն էլ միավորվեց նրանց հետ. օգնում են Ղովտի որդիներին։ (Սելա)։
9Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։
10Նրանք սատկեցին Ենդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։
11Նրանց իշխաններին այնպե՛ս արա, ինչպես Օրեբին և Զեբին, և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեեին և Սաղմանային,
12Որոնք ասում են. «Աստծու բնակարանները տիրույթներ դարձնենք մեզ համար»։
13Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ,
14Ինչպես կրակն այրում է անտառը, և ինչպես բոցը խանձում է լեռները։
15Նրանց այնպե՛ս հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրո՛ւ նրանց։
16Նրանց երեսները ծածկի՛ր անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ո՜վ Տեր։
17Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն.
18Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը. դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 83: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում